ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ երկրորդ սերնդի բարեփոխումներն արագ եւ արդյունավետ իրականացնելու համար։ Այս մասին դեկտեմբերի 23-ին Փոքր եւ միջին ձեռնարկությունների 2010 թվականի հարկային պարզեցված ուղեցույցի գրքի շնորհանդեսին ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։ Ըստ նրա Հայաստանում հատկապես մեծ ուշադրության է արժանի հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, առանց որի գործնականում իրական տնտեսական զարգացում ապահովելն անհնար է։ «ԵԱՀԿ-ն ողջունում է երկրորդ սերնդի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած քայլերը, եւ կարծում ենք, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ազատական է»,- նշեց դեսպան Կապինոսը՝ ավելացնելով, որ կառավարության ուշադրությունը պետք է ուղղվի հատկապես մարզերում ՓՄՁ զարգացմանը, որտեղ շատ են ձեռնարկատերերի դժգոհությունները՝ իրականացվող վարչարարությունից։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստ է մարզային գրասենյակները տրամադրել գործարարներին՝ իրավական խորհրդատվության իրականացման համար։
Տեղեկացնենք, որ հարկային հաշվառման ուղեցույցում ներառված են 2009 թվականի հարկային օրենսդրության բոլոր փոփոխությունները։ Ուղեցույցում մատչելի ներկայացված է հաշվապահական, ձեռնարկատիրոջ փաստաթղթային պարտավորությունների ընթացակարգերը, ինչպես նաեւ հարկային օրենքները։ Ուղեցույցը չի վաճառվելու, այլ անվճար տրամադրվելու է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից տարբեր մարզերում եւ Երեւանում կայանալիք շնորհանդեսների ժամանակ։




























