Համաշխարհային մամուլն արդեն տեւական ժամանակ է պարզապես «ողողված է»Իրանի եւ նրա հետ կապված ամեն ինչի մասին լուրերով:

 «Հարված Իրանին», «ռազմական գործողություններ Իրանի դեմ», «Իրանի միջուկային ծրագիրը», «իսլամական Իրան»… Արեւմուտքը պարբերաբար հանդես է գալիս Թեհրանի հասցեին սպառնալիքներով, ԻԻՀ իշխանությունները փորձում են արժանի պատասխան տալ` միաժամանակ այդ ոչ դյուրին դիմակայության համար որոնելով հուսալի դաշնակիցներ: Այդ ամբողջ խառնաշփոթում ոչ սկիզբն է երեւում, ոչ վերջը: Ինչի կարող է հանգեցնել Իրանի մասին միջազգային հանրության հոգատարությունը», հնարավոր է արդյոք իրավիճակի սրացում եւ ինչ զարգացում կարող է ստանալ իրանական սցենարը. Այս եւ այլ հարցերի NEWS.am-ի հետ հարցազրույցում պատասխանում է ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Որքանո՞վ եք իրական համարում տեսանելի ապագայում Իրանին հնարավոր հարված հասցնելը:

Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն պետք է նախապատրաստվի, դա հղիության նման է, 9 ամիս է հարկավոր: Եթե անգամ հարված լինի, այն հնարավոր է միայն մոտավորապես օգոստոսին: Բայց նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Կասկածելի է, որ նման իրավիճակում ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին: Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ինքը դեմ է ռազմական գործողություններին, ինչի մասին քանիցս հայտարարել է:

Պաշտպանության նախարար Պանետան դեմ է հանդես գալիս, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` կողմ: Ո՞վ կհաղթի:

Դեմոկրատների շարքում որոշակի քայքայում է տեղի ունենում:  Ինչ-որ հարցերով այդ երկու ճամբաները համամիտ են, իսկ ինչ-որ հարցերով էլ` ոչ: Սակայն այն, որ Պանետան նախազգուշացրել էր այդ գործողության իրական վտանգների մասին, շատ բանի մասին է վկայում: Նա հանդես էր գալիս ոչ թե որպես պատերազմի արծիվ, այլ խաղաղության աղավնի: Քիչ հավանական է, որ դեմոկրատ Օբաման դեմոկրատ Քլինթոնի հետ նման որոշում ընդունեին:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել էր Իսրայելի նկատմամբ Օբամայի քաղաքականության  «վերափոխման» անհրաժեշտության մասին եւ ամեն ինչ հակառակն անելու: Եթե Օբաման մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանին հարվածելու ուղղությամբ, ապա կարո՞ղ է արդյոք Ռոմնին իր հաղթանակի դեպքում հենց այդ ուղղությունն ընտրել: 

Դժվար է գուշակելը: Մի բան են նախընտրական հայտարարությունները, մեկ այլ բան` իրական քաղաքականությունը: Մի  բան հաստատ է` ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:  Սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ են 800 հազարանոց ցամաքային զորքեր: Բացի դրանից, դժվար է պատկերացնել, որ ներկայիս տնտեսական վատթար պայմաններում կարելի կլինի համոզել ամերիկացիներին, որ ԱՄՆ-ն պետք է հերթական ռազմական գործողությունը ծավալի: Ես վստահ չեմ, որ ԱՄՆ-ի նախագահը, ով էլ որ այդ պաշտոնը զբաղեցնի, նման արկածախնդրության դիմի:

Այդ դեպքում ո՞րն է իմաստը հակաիրանական լայն քարոզչության, որը ծավալել է Արեւմուտքը:

Այսքան տարիների ընթացքում Վաշինգթոնի կազմակերպած հակաիրանական քարոզչությունը մշտապես նպաստել է ԻԻՀ-ի կարգավիճակի բարձրացմանը իսլամական աշխարհում: Մյուս կողմից էլ Իրանի դեմ ռազմական քաղաքականությունը երբեք էլ աջակցություն չի ստացել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրանական բավական ազդեցիկ սփյուռքի կողմից: Եթե  ժամանակին իրաքցիների շրջանում հաջողվել էր  ինչ-որ գործիչներ գտնել, որոնք հայրենիք կգնային դանակներով, ապա իրանական սփյուռքը, որը հաճախ է քննադատում ԻԻՀ-ի իշխող վարչակարգը, ներխուժմանը երբեք էլ չի աջակցել:

Փաստորեն, Դուք բացառո՞ւմ եք Իրանի վրա հարձակումը:

Չի կարելի ասել, որ մենք բոլորս ապահովագրված ենք պատերազմից: Ես տխրում եմ, երբ լսում եմ, որ ասում են, թե «խաղաղությանն այլընտրանք չկա»: Պատերազմը միշտ էլ այլտընտրանք է խաղաղությանը: Պետք է հաշվի առնել, որ Իրանն ու Սիրիան բավականին լավ զինված երկրներ են, ռազմական մեծ ներուժով: Սիրիան ունի  ռուսական արտադրության З С-300 հրթիռային համալիր, երկու պետություններն էլ ունեն «Ավտոբազա» համալիրներ, որոնք ոչնչացնում են ամերիկյան  կործանիչները: Ավելին, ռազմատեխնիկական գործոնը բավականին մեծ դեր է խաղում, սակայն ոչ որոշիչ: Սիրիան եւ ԻԻՀ-ն ունեն հասարակության մոբիլիզացված տեսակ: Նրանք պատրաստ են ագրեսիայի:

Բայց, ամեն դեպքում, Իրանում գործողությունները հնարավոր են: Մենք ձեզ հետ ոչ Իրանում ենք, ոչ էլ ԱՄՆ-ում: Ենթադրենք, թե կան որոշ միջազգային ուժեր, որոնք ունեն հատուկ ծառայություններ, զինվորական անձնակազմ: Մերձավոր Արեւելքում նման խմբավորումների անձնակազմի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 60 հազար մարդ:

Նրանց կազմում կան բրիտանական, ամերիկյան, իսրայելյան եւ շատ այլ անձնագրերով անձինք, բայց դա բնավ կարեւոր չէ: Բոլորովին դժվար չէ պատկերացնել, որ այդ կառույցների ներկայացուցիչները, անկախ մաշկի գույնից եւ անձնագրերի  կնիքներից, նման սադրանք կկազմակերպեն: Եթե ինչ-որ պահի ԱՄՆ-ի շահերն Իրանում միջամտություն պահանջեն, սադրանքի միջոցը կարող է սպառազինվելու առիթ դառնալ: Կա դեռեւս ԽՍՀՄ տարիներին գտնված եւ հրապարակված հետաքրքիր մի փաստաթուղթ: Դրա տեքստում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է կյանքից զրկել ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիների, որպեսզի հետո դա օգտագործվի պետական նպատակներով:

Նման դեպքեր հայտնի են: Ինչ ասես որ չարժե խայտառակ Փերլ Հարբորը:

Այո, այո: Այդ փաստաթուղթը երկար ժամանակ ԿՀՎ-ի զեղծարարություն էին համարում, բոլորը ծաղրում էին այն: Սակայն 10-11 տարի առաջ սեպտեմբերի 11-ից հետո ԿՀՎ-ի 90-ամյա  նախկին տնօրեններից մեկին հարցրել էին այդ մասին: «Ես չեմ կարող պնդել, որ այն չկա»: Նման բաները բացահայտում են այն մարդիկ, որոնք այլեւս կորցնելու բան չունեն: 

Եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, այս դարում ակնհայտ են պետությունների ապաինքնորոման գործընթացները: Այն կարելի է տեսնել բազմաթիվ օրինակներով` Հարավսալիա, Իրաք, Աֆղանստան… Այդ բոլոր գոծողությունները հնարավոր են դարձել, քանի որ աշխարհը փոխվել է, եւ Յալթայի համաձայնություններն արխիվ էին անցել:  Այդ գործընթացնեին դիմադրում էին միայն մի քանի երկրներ, որոնցից խոշորագույնը Իրանը եւ Չինաստանն են: Օրինակ սիրիական հարցով Չինաստանը հստակ իր դիրքորոշումն արտահայտեց:  Դա չի նշանակում, որ Պեկինի քաղաքականությունը չի կարող փոխվել, եւ Չիանստանը չի վարվի այնպես, ինչպես որ Լիբիայի դեպքում:  Ռուսաստանը եւս նման հայտարարություններ է անում:

Դա վերաբերում է արտաքին խաղացողներին: Տարածաշրջանում Իրանի հակառակորդն է Սաուդյան Արաբիան, սակայն նրանք էլ իրենց խնդիրներն ունեն հարեւանների հետ:  Վերջերս նրանք փորձեցին հեղաշրջում անել Քաթարում, տապալվեցին: Հատկանշական է, որ հենց այդ նույն Քաթարը դեմ է Իրանում ռազմական գործողություններին: Պակիստա՞նը: Այդ պետությունն ընդհանրապես հայտարարել էր, որ  անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կկիրառի: Չմոռանանք ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ Պակիստանի հարաբերությունների մասին, որոնք վատացել են վերջին ժամանակներս:

Այդպիսով,  տարածաշրջանում ամենաշահագրգիռը Սաուդյան Արաբիան է, տարածաշրջանից դուրս` ԱՄՆ-ն: Սակայն ի՞նչ է ԱՄՆ-ն: Այն, պայմանական ասած, օդաչու-երկիր է, որտեղ գրանցված են ամենաշատ միջազգային ընկերությունները, եւ հենց նրանք են շահագրգիռ Իրանի դեմ ռազմական գործողության իրականացման հարցում:

Վերջին տարիներին Իրանում ֆիզիկոս-միջուկաբանների սպանության շարք տեղի ունեցավ: Փաստացի դա դիվերսիա էր ԻԻՀ տարածքում` կազմակերպված արտաքին ուժերի կողմից որոշակի ոլորտի մասնագետներին ոչնչացնելու համար:

Կարո՞ղ են համանման մեթոդները կիրառվել մարդկանց այլ խմբերի հեռացնելու համար, ասենք` քաղաքական գործիչներին:

Դժվար թե: Իրանական հատուկ ծառայությունները անգործության չեն մատնված, եւ այդ սպանություններից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին:  Դա զանգվածաբար իրականացնելն անհնար է:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին մայիսի վերջին հայտարարեց, որ եթե արեւմտյան երկրները Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսեն, Իրանը կհարվածի Իսրայելին: Ի՞նչ եք մտածում սրա մասին, կարո՞ղ է արդյոք Իրանի նման դիրքորոշումը սրել իր իսկ շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրականում այսօր Սիրիայի դեմ ռազմական գործողությունները ոչ թե միանգամայն հնարավոր են, այլ դրանք փաստ են, բժշկական: Բացի այդ, այդ գործողություններին դեմ է Իսրայելը, ընդ որում` կտրականապես: Դա Դամասկոսի հանդեպ Թել Ավիվի տածած անսահման սիրո պատճառով չէ, այլ բխում է զուտ պրագմատիկ գաղափարներից: Բանն այն է, որ Լարիջանին հիանալի գիտեր դա, երբ հանդես էր գալիս հայտարարությամբ:

Դա դիվանագիտական սպառնալիքների լեզուն է: Իրանական խորհրդարանի խոսնակը մեզանից լավ է տեղեկացված իրավիճակից: Բացի այդ, նա գիտի, որ Իսրայելն իր դիրքերի լոբբին կիրականացնի ամբողջ ախարհում, մասնավորապես` ԱՄՆ-ում:

Այս կամ այն երկրի քաղաքական դաշտը միանգամայն միակողմանի է լինում տարբեր հարցերի  վերաբերյալ: Օրինակ Հայաստանում  դա ղարաբաղյան հիմնախնդիրն է, Հայոց ցեղասպանությունը: Կարելի՞ է արդյոք ասել, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական հարձակման դեպքում Արեւմուտքի առաջ քաղաքական  դաշտերը հանդես կգան միասնական ճակատով:

Այդ հարցում Իրանում տարակարծություն չկա: Սակայն Իրանում  տարվում է իսկական քաղաքական պայքար: Իրանում քաղաքական ուժերի կոչերով մարդիկ փողոց են դուրս գալիս, հայտնում են իրենց դիրքորոշումը, եւ դա ընդամենը թատրոն չէ աշխարհի առաջ: Ընդհակառակը, Իրանը շահագրգիռ չէ նման երեւույթների հրապարակմամբ: Չնայած, որոշ իմաստով դա  մեծացնում է Իրանի հեղինակությունը: Զարմանալի է, բայց դա այդպես է:

Դուք ձեր հարցազրույցներում բազմիցս ասել եք, որ Իրանում  եռում է քաղաքական կյանքը, որ այնտեղ իսկական պայքար է գնում, եւ ԻԻՀ-ի իշխող վարչակարգի դաժանության մասին լուրերը չափազանցված են:

Իրանին ինչ-որ սարսափեցնող գազան եn դարձնում: Իրանում ամեն երկրորդ տան տանիքին  արբանյակային ալեհավաք կա, նայիր ինչ ուզում ես, երիտասարդությունն ապահովված է համացանցով, իրանական հեռուստատեսությամբ հին ամերիկյան հերոսական  ֆիլմեր են ցուցադրում… Դա փակ երկիր չէ, Հյուսիսային Կորեան չէ: 

Սակայն մյուս կողմից լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություն է հայտնվում, որ Իրանում մարդկանց ձերբակալում են միանգամայն անմեղ բաների համար, մահապատժի են ենթարկում առանց դատի եւ հետաքննության:

Հասկանում եք, չի կարելի մի երկրի զննել մանրադիտակով իսկ մյուսի կամայականությունների վրա աչք փակել: ԱՄՆ-ն Իրանում տեղի ունեցող դեպքերի հիմնական քննադատն է, իսկ դուք կարծում եք այնտեղ այդ ամենը չկա՞: Նույն այդ քաղաքական հետապնդումների, քաղաքական ենթատեքստով դատավարությունների միակ տարբերությունը քողարկման մակարդակն է…Պարզապես այնտեղ սովորել են միանգամայն քաղաքական գործերը ձեւակերպել իբրեւ գույքային վեճ, հարկերից խուսափելու «փաստի բացահայտում» եւ այլն:

Պետք է կատարյալ կույր լինել դա չտեսնելու համար: Բացի այդ, այսօր ԱՄՆ-ում ընդունվում են փաստաթղթեր, որոնց տեքստերը գրեթե արտագրված են Երրորդ ռեյխի փաստաթղթերից. Կարող է ամսաթիվը փոխեն, քաղաքի անվանումը, նախադասության կեսը ջնջեն: Նույն ԱՄՆ-ում առկա են եւ մարդու իրավունքների ոտնահարումներ, եւ մահապատիժներ, քաղաքական սպանություններ, եւ քաղաքական դրդապատճառով հետապնդումներ. Այդ  ամենն առկա են ԱՄՆ-ում, այլ երկրներում, որոնք համարվում են համեմատաբար ազատ: Եվ ընդհանրապես, այն, ինչ այսօր իրենից ներկայացնում է ԱՄՆ-ն, միանգամայն հակասում է նրան, ինչի մասին երազում էին դրա հիմնադիր հայրերը: Նույն այդ ԱՄՆ-ում կան բավական ազդեցիկ դեմքեր, որոնք այդ բանը բարձրաձայնում են:

Մոռանանք ԱՄՆ-ի մասին, տեսեք` ինչ է կատարվում Սաուդյան Արաբիայում: Իսկ Թուրքիա՞ն: Այնտեղ մի՞թե դեմոկրատիա է: Եկեք ուղիղ ասենք` այդ բոլոր խոսակցությունները պարզապես քարոզչություն են: Դա ամեն տեղ կա` իշխանությունն իր խնդրները փորձում է լուծել պարզ, սակայն երբ հասարակություն կա, դա նրան չի հաջողվում: Իրանում այդ հասարակությունը կա, եւ  այն կարող է բողոքի դուրս գալ:

Այս ամենից հետո, այն խոսակցությունները, որ Իրանը ագրեսիվ պետություն է, ինձ դուր են գալիս: Բայց եթե լսել իրանցիներին, ապա նրանք ասում են, որ Իրանը վերջին երկու հարյուրամյակի ընթացքում ոչ մեկի վրա անձամբ չի հարձակվել: 

 Հ.Գ. Ռասել Ակոֆ. Իրադրությունն աշխարհում բնութագրվում է անկարգությամբ, եւ մենք ճիշտ գործողություններ ենք կատարում ոչ ճիշտ ուղու վրա: Այստեղ բարեփոխումները չեն օգնի, պետք են արմատական փոփոխություններ:

Հարցազրույցը վարեց Էմիլ Բաբայանը