Խարդախության համար բանտում պատիժը կրող գործարար Բեռնարդ Մեդոֆֆը բանտային հիվանդանոց է տեղափոխվել։
ABC հեռուստաընկերության տվյալներով, 71-ամյա Մեդոֆֆը ծեծի ենթարկվել Հյուսիսային Կարոլինա նահանգի Բատներ բանտում։ Նա վնասվածքներ է ստացել դեմքի եւ մեջքի շրջանում, ինչը հանգեցրել է թոքերում օդ հավաքվելուն եւ կողոսկրերի կոտրվածքների։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ԱՄՆ բանտերի ֆեդերալ բյուրոն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ։ Ինչպես հայտնել է բյուրոյի ներկայացուցիչ Թրեյսի Բիլլինգսլին, Մեդոֆֆին հիվանդանոց տեղափոխել են գլխապտույտի եւ բարձր ճնշման պատճառով։
Հիշեցնենք, որ խոշորագույն ֆինանսական բուրգը, որ ստեղծել եւ ղեկավարում էր հայտնի գործարարը, անցած տարի մերկացվել է ԱՄՆ-ում։ Մեդոֆֆի բուրգը գործում էր ավելի քան 20 տարի, իսկ ներդրողների կորուստները խարդախության պատճառով, կազմում են շուրջ 50 մլրդ դոլար։ 2009թ. հունիսին նրան դատապարտել են 150 տարվա ազատազրկման։




























