2009 թվականն աննախադեպ էր հատուկ պահպանվող տարածքների զարգացման եւ կենդանական ու բուսական աշխարհի պահպանության համար, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով, ընդունված որոշումների արդյունքում ընդլայնվել են հատուկ բնապահպանական նշանակության գոտիները՝ հասնելով 76 հազար 100 հեկտարի:
Արդյունքում ստեղծվել են «Արփի լիճ» եւ «Արեւիկ» ազգային պարկերը, «Զանգեզուր» պետական արգելոցը, Ջերմուկի եւ Հանքավանի ջրային արգելոցները:
Դրանց պահպանության համար կառավարությունը հատկացրել է 41,8 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր հատուկ պահպանվող գոտիների մակերեսը հասնում է 374 հազար հեկտարի, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 12 տոկոսը:
Ինչ վերաբերում է մթնոլորտային աղտոտվածությանը, նախարարի խոսքով, Հայաստանում կան 1200-1300 ձեռնարկություններ, որ աշխատում են վնասակար արտանետումներով: Հանրապետությունում կա 6 կայան, որ որոշում են մթնոլորտային աղտոտվածությունը, ընդ որում՝ Ամբերդի կայանը 68 եվրոպական նմանակների շարքում մտնում է լավագույն վեցնյակի մեջ: Նախարարը նաեւ ընդգծել է նման կայանների թվաքանակի աճի անհրաժեշտությունը:
Արամ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ արդեն ավարտվել է Նուբարաշենի աղբանոցից բիոգազի ստացման նախագծի առաջին փուլը: Ներկայումս իրականացվում է միայն մեթանի այրում, արդյունքում մեթանը վերածվում է ածխաթթու գազի: Դա թույլ է տալիս ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 10 անգամ:




























