Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: «Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարեւորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը եւ հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու գործում վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Այդ համատեքստում, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, որում կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչ 2020 թվականը նախատեսվող համատեղ  ծրագրերն ու նպատակները:

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը, որի կարեւորագույն բաղկացուցիչը երկկողմ առեւտրատնտեսական կապերն են: «Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Երկու երկրների  խորհրդարանականները պատրաստ են անել ամեն ինչ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ  տնտեսական կապերի ընդլայնման ու հետագա զարգացման համար»,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը: 

Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը եւ իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջեւ համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի