Սուպերմարկետները հայրենական առեւտրի համար համեմատաբար նոր երեւույթ են: Ժամանակին ապրանքների վաճառքի ինքնասպասարկման մեթոդը բավական անսովոր էր մեր գնորդների համար: Սակայն շուկայական հարաբերություններին անցում կատարելուց հետո սուպերմարկետները սովորական երեւույթ դարձան, հիմնականոմ` մայրաքաղաք Երեւանում:
Սուպերմարկետների մարտավարությունն առանձնանում է «ագրեսիվությամբ», եւ սովորական խանութների հետ մրցակցելիս դրանք սովորաբար շահող դիրքերում են:
Առեւտրային սրահում կարելի է գտնել գրեթե բոլոր տեսակի սննդամթերքներ` հենց սուպերմարկետի շենքում թխված հացից սկսած, վերջացրած էկզոտիկ երկրներից բերված համեմունքներով: Այլ բաժիննեում կարելի է գտնել տնտեսական տարատեսակ ապրանքներ, կոշիկ եւ հագուստ, կենցաղային տեխնիկա, ընտանի կենդանիների կեր եւ այլն: Հաճախ սուպերմարկետում ապահովագրական, անշարժ գույքի վաճառքի եւ այլ վճարովի ծառայություններ են առաջարկվում:
Սննդամթերքի հետ այս անսովոր հարեւանությունը հին պատմություն ունի: Հետպատերազմյան ծանր տարիներին ԱՄՆ-ում մթերային խանութների դատարկված դարակներն սկսեցին լցնել տարատեսակ ապրանքներով, ինչը գնորդներին շատ դոր եկավ: Առեւտրականներն էլ, տեսնելով նորարարության հաջողությունը, այն ավանդույթ դարձրին:
Հաճախ գնորդներին հրապուրելու համար որոշ ապրանքատեսակներ վաճառվում են բավական ցածր գներով: Եթե հետեւենք բեռլինյան սուպերմարկետի անցուդարձին, կտեսնենք, որ որոշ գնորդներ առաջին հերթին մոտենում են ոչ պարենային ապրանքների բաժիններին, ինչը մեզ մոտ չի հանդիպում: Պատճառը պարզ է. սպառողական ապրանքները ցածր գներով չեն առաջարկվում:
Արդյունաբերական ապրանքների տեսակներն այնքան էլ բազմազան չեն, որքան սննդամթերքինը, բայց ընդգրկումն է մեծ` գուլպաներից մինչեւ համակարգիչ:
Ոչ պարենային ապրանքների յուրաքանչյուր խումբ ներկայացված է մեկ, առավելագույնը` 2-3 մոդելներով: Օրինակ, պրոցեսորը կարող է միայն մեկ մոդելի լինել, փոխարենը գնային առումով այն զգալի էժան է մասնագիտացված խանութներում վաճառվողից: Սա վատ «թակարդ չէ» խնայողության ձգտող գնորդների համար:
Միաժամանակ, ապրանքների տեսականին անընդհատ շարժման մեջ է. ինչ-որ բան հեռացվում է, ինչ-որ բան ավելացվում: Տարվա ընթացքում մի քանի հազար տեսակի ապրանքներ են շրջանառվում` 8-ից 25 հազար տեսակի, պայմանավորված է սուպերմարկետի մեծությամբ:
Հաճախորդները նախապես տեղեկացվում են նոր արտադրանքների վաճառքի մասին գովազդային լրագրերից, որոնցում կան ոչ միայն գունավոր լուսանկարներ, այեւ մանրամասն տեղեկություն այդ ապրանքների վերաբերյալ` ներառյալ գները: Տեղեկություն կա նաեւ ցածր գների ակցիաներին մասին: Այդ պրակտիկան կիրառում են նաեւ մեր սուպերմարկետները:
Ներկայումս երեւանյան սուպերմարկետներում եւս բաժանվում են նման անվճար բուկլետներ: Սակայն տպագրական որակը վատ է, իսկ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը` նվազագույն: Խնդիրը տպագրության գնային ծառայությունն է: Գունավոր տպագրությունը մեզ մոտ թանկ է:
Այժմ տարածված է հենց սեփական տարածքում հացի թխելը: Կան նաեւ այլ ակնհայտ տարբերություններ: Անգամ ամենածանրաբեռնված պահին բեռլինյան սուպերմարկետում հրմշտոց չկա: Իսկ ահա երեւանյան սուպերմարկետներում անգամ աշխատանքային ժամերին սրահներում բազմամարդ է:
Նշենք, որ գերզբաղված ժամերին աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար սուպերմարկետները փորձում են հաճախորդներին գրավել սովորական ժամերին: Օրինակ, աշխատանքային ժամերին թոշակառուներին զեղչեր են տրամադրվում:
Եվրոպական սուպերմարկետներում առեւտրի սրահում հազվադեպ կտեսնես աշխատողների, բացառությամբ, իհսրկե, գանձապահների: Նրանք հայտնվում են միայն այն ժամանակ, երբ պետք է տեղավորել նոր ապրանքը:
Շատ հետաքրքիր է, երբ աշխատողն ինքն է սլանում գնորդների կողքով` նրանց չտեսնելով, կարծես թե նրանք անտեսանելի են: Եւ այստեղ իմաստ կա:
Անձնակազմը ցուցադրական ցույց է տալիս, որ ձեզ չեն վերահսկում եւ հնարավոր գող չեն համարում: Իհարկե, տեսախցիկն ամեն ինչ արձանագրում է, սակայն այն տեսանելի չէ եւ անհարմարություն չի ստեղծվում:
Նման պայմաններում կարելի է մանրամասն զննել ապրանքները:
Ինչ վերաբերում է երեւանյան սուպերմարկետներին, ապա այստեղ անձնակազմի մի ամբողջ բանակ է սրահում, հայտնի չէ` ինչու... Գնորդներն ապրանք են ընտրում նրանց հայացքի ներքո, որը հաճելի չէ: Մարդիկ ակամայից իրենց հանցագործներ են զգում եւ շտապում են հեռանալ:
Չմոռանանք նաեւ գանձարկղային կտրոնների մասին: Համակարգիչներով համալրված մեր սուպերմարկետներում կտրոններին արդեն տպվում են ապրանքների անունները: Բեռլինյան սուպերմարկետներում դա վաղուց կա, եւ բացի գնից կա նաեւ ԱԱՀ-ն:
Ապրանք գնած քաղաքացին տեսնում է, որ ինքը պետությանը հարկ է մուծում, այսինքն` հարկատու է: Այդ պատճառով էլ նրա համար միեւնույն չէ, թե ինչպես են ծախսվում բյուջեի միջոցները:
Ալբերտ Խաչատրյան


























