«Արայ» ընկերության ինքնասպանություն գործած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան հետախուզման մեջ չէ, դատական դեպարտամենտը հերքել է ավելի վաղ տրված տեղեկությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Արայ» ընկերության ինքնասպանություն գործած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջը` Տատյանա Չադենկովային ծնողական իրավունքներից զրկելու մասին գործի վարույթը կասեցվել է, քանի որ Տ. Չադենկովան մեկ այլ քրեական գործով գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: «Պատասխանողը հետախուզման մեջ է` այստեղ չէ, հետեւաբար հայցվորի միջնորդությամբ գործը կասեցվել է»,- արձագանքել էր Արսեն Բաբյանը:

Սակայն ավելի ուշ Տատյանա Չադենկովան եւ նրա փաստաբան Վահան Հայրապետյանը կապ հաստատեցին մեզ հետ եւ փոխանցեցին, որ Տատյանան հետախուզման մեջ չէ: Ավելին 3 շաբաթ է, ինչ Հայաստանում է: Սակայն, թե ինչ գործով Չադենկովան նշեց, որ չի ցանկանում պատասխանել:

Այս կապակցությամբ հերթական անգամ դիմեցինք  Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, ինչին ի պատասխան արձագանքեց.«Քաղաքացիական գործը կասեցվել է, ոչ թե մեկ այլ քրեական գործով որոշում կայացնելը, այլ  քաղաքացիաիրավական հարաբերությունների դատական գործով, ինչը նշանակում է, որ տվյալ գործով պատասխանողը այս գործի շրջանակում չի կարող լինել հետախուզման մեջ: Իրականում նախնական տեղեկատվության տրման ժամանակ տեղ է գտել անճշտություն, ինչի կապակցությամբ հայցում եմ Տատյանա Չադենկովայի ներողամտությունը»: