«Քաղաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացքի հետ կապված հարցերն են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագիրը վերաբերում է Երեւանում երկու ճանապարհային հատվածների կառուցմանը, մասնավորապես Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց եւ Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ծրագրի կառավարման որակը բարելավելու նպատակով` իր կարգադրությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Ծրագրերի իրականացման գրասենյակում: «Նախորդ հանդիպման ժամանակ ես կարեւորել էի ծրագրի իրականացման աշխատանքները օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, եւ կրկին վերահաստատում եմ այս ծրագրի մեկնարկի առաջնայնությունը: Կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք շարունակական համագործակցության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ասիական Զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի քաղաքային զարգացման եւ ջրային բաժնի տնօրեն Անանդ Չիփլանքըրը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ծրագրի շրջանակում ցուցաբերած աջակցության համար եւ նշել է, որ բանկի եւ քաղաքապետարանի աշխատանքային խմբերը ինտենսիվ աշխատանքներ են տանում ու պարբերաբար քաղաքապետին հաշվետվություն կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: «Մենք անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցույթվ հաղթած խորհրդատու ընկերությունները հնարավորին շուտ սկսեն աշխատանքները»,- նշել է Անանդ Չիփլանքըրը:
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար:



























