Վաղը՝ օգոստոսի 2-ին, 17:30-ին, Ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` հետեւյալ պահանջով:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող Հարսնաքարի գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված՝ գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ:
Որպես առաջին քայլ՝ պահանջում ենք անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը»:
Նշենք, որ վաղը Վահե Ավետյանը կդառնար 33 տարեկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:
Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:




























