Հայ ազգային կոնգրեսը, օգտագործելով սահմանադրության բոլոր լծակները, պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ երկրում գործի սահմանադրական կարգը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, նախագահական նստավայրի առաջ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

«Այո, պայքարելու ենք, որ Հայաստանում հաստատվեն ֆունդամենտալ ժողովրդավարական արժեքները, այս, մենք պայքարելու ենք  այդ նպատակներին հասնելու համար, դիմակայելու ենք ոստիկանական մահակներին, եթե պետք է, կնստենք նաեւ բանտերում: Եւ այդ հանգամանքը մենք ապացուցել ենք ՀԱԿ ակտիվիստների, քաղաքական գործիչների միջոցով 4 տարվա պայքարի արդյունքում»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանի  խոսքով` այս օրերին ձեւավորվել է նոր սերունդ, որը եթե պետք է, նպատակին հասնելու համար բանտ էլ կնստի: Նա պատահական չհամարեց, որ հավաքվել են Նախագահական նստավայրի առաջ եւ  շեշտեց, որ «պետք եղած դեպքում բանտեր էլ կնստեն, որովհետեւ այդ ռեժիմը չի կարող վախեցնել, իրականումն ռեժիմն է մեզնից վախենում»: «Եւ շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ իրենց շատ քիչ է մնացել»,- ասաց պատգամավորը:

Զուրաբյանը ողջունեց այն քաղաքական ուժերին եւ նախաձեռնություններին, ովքեր չեն կիսում ՀԱԿ-ի գաղափարները, սակայն կիսում են երիտասարդների հանդեպ մտահոգությունը եւ այսօր հավաքվել են այստեղ: Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այս օրը առաջին անգամ ձեւավորվել է ՀԱԿ-ը:

Նախագահական նստավայրի մոտից ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Օպերա: 

Ի դեպ, ՀԱԿ ակիտիվիստներից  Վարդգես Գասպարին երթի մասնակիցների հետ չէր, նա ցանկանում էր անցնել փողոցը դեպի նախագահական նստավայրի մոտ, բայց իրավապահներն թույլ չէին տալիս: Ակտիվիստը  սկսեց բղավել` «սրիկաներ, հանցագործներ»:

Մեր հարցին, թե ինչ նպատակով է ցանկանում անցնել մայթը, նա նշեց, որ իր սահմանադրական  իրավունքը թույլ է տալիս այդ հարցին չպատասխանել, ինչպես նաեւ  քայլել այն մայթով, որով ցանկանում է: 

Ավելի  վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների այսօր` օգոստոսի 1-ին, Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի դիմաց, ՀԱԿ անդամներ, ակտիվիստներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: