Արահետը իջնում է թեք լանջով` ժամանակ առ ժամանակ փոփոխվելով թեք աստիճանների: Ձախ կողմում գետնի տակից բխող տաք ջրով լի մի քանի ջրաավազաններ կան: Աջ կողմում ձոր է: Սա «Սատանի կամուրջն է»` բացառիկ բնական հուշարձան` Հայաստանի Սյունիք մարզում:
«Բնության այս հրաշալիքը գտնվում է Հալիձոր եւ Տաթեւ գյուղերն իրար կապող ճանապարհի վրա: Այստեղով է անցում նաեւ Գորիս-Տաթեւ ճանապարհը: Սա Որոտան գետի վրա ձգվող բնական կամուրջ է, որը կազմված է կրաքարից եւ տրավերտինից : Կամուրջի տակ` գետի ափին, ձեւավորվել են խորշեր, խցեր, տեղ-տեղ նաեւ քարանձավներ: Այստեղ կարելի է տեսնել նաեւ ստալակտիտներ եւ ոչ մեծ ավազաններ` լցված հանքային ջրով: Այստեղից բխում են նաեւ մի քանի հանքային աղբյուրներ, որոնց ջրի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 25 աստիճան»:
Ահա այսպես են տպագիր եւ էլեկտրոնային մամուլը նկարագրում այս հեքիաթային բնական հուշարձանը: Բացի այս, բոլորը մեկ մարդու պես նշում են ստալակտիտների առկայությունը հուշարձանում: Բայց… մարդկային ձեռքը հասել է նաեւ նրանց:
Բնական հուշարձանի տարածքի վիճակը լավ չես անվանի, խոտը ոտնահարված է, քարանձավները մերթընդմերթ վերածվել է զուգարանի (քաղաքակիրթ սանհանգույցի բացակայության պատճառով), ստալակտիտները տեղ-տեղ կոտրված են: Բուժիչ ավազանի ջջրի վիճակը եւ նրանում լողող աղբը կասկած են հարուցում ջրի հատկությունների վերաբերյալ: Ամենուրեք կարելի է տեսնել խորովածի պատրաստման հետքեր: Այստեղ կա նաեւ երջանկության ծառ, որն իրենից ներկայացնում է մշտաբազմագույն եղեւվնի` փտած կտորներով եւ թաշկինակներով կապկպված: Մենք ծառի վրա կապված տեսանք նաեւ շապիկներ, ցելաֆոնե պակետներ, փողկապներ եւ անգամ կիսավարտիքներ: Առաջ անցնելով հայտնեմ, որ նման «Էքզոտիկ բույս» կարելի է տեսնել քիչ թե շատ հայտնի բոլոր հուշարձանների տարածքում: Կարծես թե ոչ ոք չի պատրաստվում պայքարել այս բարբարոս սովորության դեմ: Ոչ ոք չի պատրաստվում պայքարել նաեւ ստալակտիտների եւ տարածքի մաքրության պահպանման համար:
«Սատանի կամրջից» օձաձեւ գալարվող լեռնային ճանապարհով զբոսաշրջիկը հասնում է Տաթեւի վանական համալիր: Շրջանցելով` մարդու ձեռքով կերտված այս հնադարյան շինության գեղեցկության նկարագրությունը, քանի որ այդ մասին շատ է գրվել` պետք է նկատեմ, որ այստեղ էլ ամեն ինչ չէ, որ կարգին է: Համալիրի որոշ սրահների հատակներին կան փոսեր` թոնիրներ եւ մառաններ, որոնց մեծ մասը ծածկված են տախտակներով, մի մասն էլ բաց է եւ ոչ մի ցուցանակով չի զգուշացվում փոսերի մասին: Համալիրի պատի ետեւում` ձորի պռնկին հողային իջվածքներ կան եւ այս դեպքում նույնպես չկան ոչ մի գրություններ:
Այս մարզում է գտնվում նաեւ մեգալիթյան շրջանի Քարահունջ հուշարձանը: Որոշ գիտնականների կարծիքով, սա աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկն է` ավելի քան 2 անգամ մեծ Սթոունհենջից: Բայց…այստեղ էլ կան խնդիրներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ցուցանակների սակավությանը կամ էլ բոլորին բացակայությանը: Հեռվից ժամանած զբոսաշրջիկը, ցավոք, պարտավոր չէ իմանալ երկրի պատմությունը: Եւ միշտ չէ, որ այցելուները խնամքով են վերաբերում հուշարձաներին:


























