Լինել Բեռլինում եւ չայցելել անտիկ մայրաքաղաքներից մեկի Համայնապատկեր, նշանակում է աններելի սխալ գործել:
Այսպես, անձրեւային մի շաբաթ օր գնում ենք այսպես կոչված Թանգարանային կղզի, որտեղ էլ տեղակայված է աշխարհում ամենահայտնի թանգարաններից մեկը`Պերգամոնի թանգարանը: Թանգարանի շենքի մոտ էլ հենց տեղակայված է վերոնշյալ Համայնապատկերը:
Արտաքինից այն մետաղական ցիլինդրի է նման` 30 մ բարձրությամբ, որում 103 մ լայնությամբ եւ 25 մ բարձրությամբ հսկայական կտավ է:
Մտնելով ներս ասես հայտնվում ես մետաղական կոնստրուկցիաներով վերելակի հորանում (շախտա): Ցավոք, իրականում ներսում վերելակ չկա, ստիպված բարձրանում ես մետաղական նեղ աստիճաններով:
Անվերջանալի թվացող աստիճանները հաղթահարելուց հետո վերջապես հայտնվում ես դիտահարթակում, որտեղ տեսարանը գերազանցում է բոլոր սպասելիքները:
Թույլ լուսավորված աստիճանահարթակից հետո այցելուներին դիմավորում է պայծառ լույսի հոսքը: Տպավորությունն այնպիսին է, որ գտնվում ես վառվռուն պատերով հսկայական փուչիկի հենց կենտրոնում: Դիտահարթակի եզրին մոտենալով` աչքիդ առաջ, ավելի ճիշտ` ոտքերիդ տակ բացվոմ է բլուրներին փռված անտիկ քաղաքի համայնապատկերը…
Այնպիսի տպավորություն է, որ ճախրում ես: Հստակ տեսանելի է անտիկ Պերգամոն քաղաքի եռուզեռը` մ.թ.ա. 129 թվականին:
Տարին պատահական չի ընտրվել: Հենց այդ տարի Պերգամոնն անցավ հռոմեական տիրապետության տակ եւ քաղաք այցելեց Ադրիանոս կայսրը: Նա այցը պաշտոնական չի եղել: Նա այցելել է իր հրահանգով կառուցվող հերթական տաճարի հրապարակ:
Սակայն թե որտեղ է թաքնված «հռոմեական ժողովրդի հայրը», դժվար է որոշել, կտավին հարյուրավոր մարդիկ են պատկերված:
Մակեդոնյան Աթալիդների դինաստիայի մայրաքաղաք Պերգամոնը կառուցված է եղել բարձրադիր անձեռնմխելի ժայռին, որը երկու գետերի վրա էր գտնվում: Նրա ելուստներին շինարարները լայնարձակ հարթակներ էին ստեղծել, որտեղ կառուցվել էին տաճարներ, Զեւսի մեծ տաճարը, այլ կուռքերի տաճարներ եւ սոցիալ-կենցաղային շինություններ:
Նրանք, ովքեր ասֆալտին տեսել են ծավալային պատկերումներ, կարող են երեւակայության մեջ վերարտադրել տեսարանը: Աչքի է զարնում ահռելի թատրոնը` հազար հանդիսատեսի համար:
Թատրոնը բլրի գագաթին է կառուցված եղել: Այնտեղ այժմ ներկայացում է, լսելի են հանդիսատեսների աղաղակները: Լսելի են նաեւ շրջապատի ձայները… Այնպես որ քաղաքը բաց է` իր ամբողջ անտիկ գեղեցկությամբ, եւ հանդիսատեսները ծանոթանում են նրա առօրյային:
Թատրոնի հարեւանությամբ մի ամբողջ տաճարային համալիր է: Նրանց շարքում առաջին պլանում է Աթենասի տաճարը: Հեռվում տեսանելի է ամֆիթատրոնը, մի փոքր հեռու էլ` ավանդական մարզադաշտը:
Պերգամյան տաճարն ամենահայտնին էր դեռեւս անտիկ ժամանակաշրջանում: Այնտեղ պատկերված են աստվածներիի մարտերը տիտանների դեմ:
Այդ ամենի մեջ ուշադրություն է գրավում քաղաքից դուրս մի փոքր շինությունից ելնող ծուխը: Երեւի հովվի տնակ է, կամ էլ` ճգնավորի…
Համայնապատկերն ստեղծում են ոչ միայն հիանալի պատկերները, այլեւ հնչյունային եւ լուսային էֆեկտները: Անսպասելի քաղաքում ցերեկը գիշերի է վերածվում, աղմուկը լռում է, եւ հեռվում լսվում է միայն շան հաչոցը: Պերգամը քուն է մտնում…
Ցավալի է, որ այցելուներին չի թույլատրվում այդ ամենը նկարահանել տեսախցիկով: Հասկանալի է` կան հեղինակային իրավունքներ:
Մնում է միայն հավելել, որ դա նկարիչ Յադեգար Ասիսիի հերթական ստեղծագործությունն է, որը հայտնի է նման ծավալային նախագծերով: Նա է ստեղծել 1756 թվականի Էվերեստի, Դրեզդենի, 231 թվականի Հռոմի, ինչպես նաեւ Ամազոնիայի համայնապատկերները:
Ալբերտ Խաչատրյան




























