Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անցած շաբաթ օրը ուշ երեկոյան այցելել է Երեւան-Սեւան  մայրուղում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին։ 

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Չարենցավանի հատվածում հերթապահող բժշկուհին հայտնել է, որ հաճույքով են կատարում իրենց վրա դրված պարտականությունը։ Մանավանդ,  որ երթեւեկողներից շատերն արդեն տեղյակ են լրացուցիչ  այս հերթապահությունների մասին։

Հերթապահող բրիգադը նախարարին տեղեկացրել է, որ բարեբախտաբար տրանսպորտային պատահարներ չեն եղել, սակայն  երթեւեկող մեքենաներն օգտվում են շտապօգնության ծառայություններից։ Մասնավորապես այդ օրն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի մեջ վատ զգացած  փոքրիկին եւ բարձր զարկերակային ճնշմամբ մեկ քաղաքացու։

Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել կատարվող աշխատանքի առթիվ եւ հորդորել է մշտապես ուշադիր ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել բժշկական օգնության կարիք զգացողների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հուլիսի 27-ից  մինչեւ սեպտեմբերի 15-ը  ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել: