Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում եւ ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաեւ պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:
«Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ եւ մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան եւ, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը եւ հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին եւ ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում: Այս մասով Տարոն Մարգարյանը նաեւ տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը եւ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք եւ հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որեւէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը եւ հորդորել այս հարցում լինել խիստ եւ հետեւողական:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաեւ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:




























