Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ներածական խոսքով հանդերձ Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է ԵՄ 2011թ. Թվինինգ, ԹԱՅԵՔՍ, ՍԻԳՄԱ ծրագրերով աշխարհի տարբեր պետություններում իրականացված գործողությունների զեկույցը (տես` http://www.armstat.am/file/doc/99470783.pdf ):
Եվրոպական Հարևանության (արևելյան և հարավային) 12 երկրներում ներկայումս գործող 100-ից ավել Եվրամիության Թվինինգ ծրագրերից միայն չորսն են 2011թ. ճանաչվել հաջողված ծրագրեր: Հաջողված չորս ծրագրերից մեկը Եվրամիության Թվինինգ գործիքի ներքո Դանիայի, Գերմանիայի Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի վիճակագրական ծառայությունների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը» ծրագիրն է:
Հայաստանի վիճակագրության բարելավումը՝ Թվինինգի միջոցով
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրել աջակցություն, որի շնորհիվ կներմուծվեն որակի կառավարման, ինչպես նաև վիճակագրական տեղեկությունների հավաքագրման ԵՄ չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանող նոր մեթոդաբանություններ: Ծրագրի շահառուն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն է (ՀՀ ԱՎԾ), որը համագործակցում է Դանիայի (գլխավոր գործընկեր), Գերմանիայի (կրտսեր գործընկեր) վիճակագրական ծառայությունների հետ: Ծրագրի բյուջեն 1մլն եվրո է, տևողությունը՝ 24 ամիս, մեկնարկը՝ 2011թ. հունվարից:
Ծրագրի բաղադրիչները
• ՀՀ ԱՎԾ որակի կառավարման համակարգի ամրապնդում
• Բիզնես հետազոտությունների համար ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում
• ՀՆԱ-ի գնահատականների ամբողջականության բարելավում
• Գյուղատնտեսական համատարած հաշվառման մեթոդաբանության մշակում և դրա անցկացման նախապատրաստում
• Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի ներդրում
• Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հանրության վիճակագրության բարելավում
Ձեռքբերումներ
• ՀՀ ԱՎԾ կողմից թողարկվող ողջ պաշտոնական վիճակագրությունը դասակարգվել է` որպես վիճակագրական արտադրանքներ, որոնցից յուրաքանչյուրի որակական չափանիշները հրապարակվել են ՀՀ ԱՎԾ կայքում՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
• Փոփոխություններ են իրականացվել բիզնես վիճակագրության հաշվետվությունների ձևերում և ամրապնդվել է վիճակագրական նպատակներով վարչական աղբյուրներից ստացվող, գոյություն ունեցող վիճակագրական տեղեկությունների օգտագործման գործընթացը:
• Իրականացվել են Հայաստանի ազգային հաշիվների ամբողջական և համակարգված ուսումնասիրություններ, որպես դրանց հետագա բարելավման և զարգացման ելակետային գործողություն:
• Մշակվել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման մեթոդաբանությունը և հարցաշարը, ինչին զուգահեռ իրականացվել է նաև մեթոդաբանության գործնական փորձարկում: Աղքատության վերլուծության և քաղաքականության մշակման առումներով այս գործողությունը զգալի դրական արդյունքներ կունենա:
• Մշակվել է հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի ներդրմանն ուղղված մեթոդաբանությունը, վերանայվել են տվյալների հավաքագրմանը և մշակմանն առչնվող գործընթացները:
• Մշակվել են տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ICT) մասնավոր ձեռնարկությունների և հանրային հատվածի կողմից օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության մեթոդաբանությունը և հարցաշարերը, որոնք արդեն իսկ փորձարկվել են:




























