«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման եւ առանձին կարեւորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երեւանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեւավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին մասնակցության եւ համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետը վերահաստատել է մայրաքաղաքի կանաչատման ծրագրերի ուղղությամբ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը եւ ընգգծել, որ աշխատանքներ են տարվում հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու եւ ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները:
«Երեւանը, լինելով զարգացող քաղաք, բնականաբար, ունի նաեւ իր խնդիրներն ու, ըստ այդմ, նաեւ դրանց հնարավոր առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ բնապահպանական հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց ճիշտ, արդյունավետ եւ հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի լուծումներ ապահովելը պետք է լինի: Որպես Երեւանի քաղաքապետ՝ ձեզանից ակնկալում եմ սրտացավ եւ հետեւողական աշխատանք, որի արդյունքում համատեղ կկարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մեկ անգամ եւս վստահեցնում եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերի նախագծերի քննարկման փուլում միանշանակ հաշվի է առնվելու նաեւ հանձնաժողովի եզրակացությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի ստեղծման եւ քաղաքաշինական ծրագրերի քննարկմանը գործնական մասնակցության հնարավորություն ընձեռելու համար, նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլեւ մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման եւ կարգավորման հարցում:
Իր խոսքում ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը` Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաեւ Երեւանում եւ, որպես ասվածի լավագույն ապացույց, մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքների օրինակը:
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվող եզրակցությունը կլինի առավել ամբողջական եւ հիմնավոր:
Օգտվելով առիթից, հանձնաժողովի անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաեւ առաջարկություններ ինչպես հանձնաժողովի գործունեության կազմակերպման, այնպես էլ բնապահպանական խնդիրների կարգավորմանն առնչությամբ:
Ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը, մեկ անգամ եւս վստահեցրել է, որ համաքաղաքային նշանակության ծրագրեր իրականացնելիս բնապահպանական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացություններն անպայման հաշվի կառնվեն:



























