Թիվ 102 դպրոցում աշակերտուհիների աղմկահարույց ծեծկռտուքի փաստով նյութերի նախապատրաստումը կասեցվել է, քանի որ աղջիկների արարքում հանցակազմը բացակայել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ դպրոցականների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն սույն գործը սառեցվել է այն բանից հետո, երբ աղջիկներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել: Որոշվել է սույն գործն ավարտել աշակերտուհիների հետ հոգեբանական զրույցներով:

Ավելի վաղ գործը քննող քննիչ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ եթե հերթը հասնի նրան, որ պետք է քրգործ հարուցվի 102 միջնակարգ դպրոցում դեռահաս աղջիկների ծեծկռտուքի կապակցությամբ, ապա կհարուցվի, իսկ եթե չհարուցվի,  ուրեմն կիրազեկվի, որ հետեւյալ հիմքերով քրգործ չի հարուցվել:

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ որտեղ դեռահաս աղջիկները դաժանաբար ծեծում էին իրար եւ հայհոյում: NEWS.am-ի թղթակիցն այցելել էր Երեւանի թիվ 102 դպրոց, որտեղ տեղի էր ունեցել իրար դաժանաբար ծեծող եւ հայհոյող աշակերտուհիների հետ կապված միջադեպը: Աջափնյակի թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը պատմել էր, որ նման միջադեպեր ընդհանրապես այս դպրոցում չեն եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել հավանաբար մեկ տարի առաջ, որի մասին ինքը տեղեկացել է օրեր առաջ, երբ տարածվել է այդ տեսանյութը: Տեսանյութում ծեծող աղջիկը` Մ. Ե-ն այդ դպրոցի աշակերտուհիներից է, իսկ ծեծվողը` Ք.Պ.-ն, ավարտել էր նույն դպրոցը: Տնօրենը երկու սաներին էլ ճանաչում էր եւ պնդում, որ նրանք երբեւէ կոնֆլիկտ չեն ունեցել: