«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմը 2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնել է գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու այլ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբանը հայտնեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին իրենց նախօրեի միջնորդությունը ոստիկանությունն ըստ էության մերժել է: Պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Այդ ժամկետը սահմանափակվել է դեռեւս օգոստոսի 8-ին»:
Տիգրան Եգորյանը հայտնեց նաեւ, որ իրենք միջնորդություններ են ներկայացրել գործի նյութերի որոշ մասի վերաբերյալ՝ այնքան նյութերի, որքան հնարավոր էր ուսումնասիրել տրամադրված մեկ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում համալիրի աշխատակիցների կողմից հունիսի 17-ի բռնարարքի գործով կա 5 տուժող, նրանցից ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր: 6 մեղադրյալների մասը նախաքննական մարմինը ապացուցված է համարել ու այդ մասով հայտարարել նախաքննության ավարտի մասին, իսկ բռնարարքին այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է:




























