Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանը պնդում է, որ ինքը որևէ սեռական գործողություններ չի արել նշված ԲՈՒՀ-ի ուսանողուհու հանդեպ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթփակցի հետ զրույցում ասաց անձամբ Արամ Համբարյանը:
«Ամբողջովին սուտ է, նման բան չկա, սա զուտ զրպարտանք է, որի համար պատասխանատվության կենթարկվեն բոլոր անողները, ովքեր մասնակից են այս գործողություններին»: Դիտարկմանը, թե ուսանողուհու հաղորդման մեջ նաև գործողության տեղն ու ամիսն է նշում, դասախոսը պատասխանեց. «Այդպիսի բան չկա, ամբողջովին ապատեղեկատվութուն են թերթերի բոլոր լուրերը, որի համար ես միջոցառումներ եմ ձեռնարկում….Կապվածություն եղել ա, որի համար Վանաձորի քննչական բաժնում զբաղվում են, բայց դա չի նշանակում, որ տեղի է ունեցել նման երեւույթներ, որ տպված է մամուլում, ամբողջովին սուտ է»:
Ուսանողուհու նման քայլը դասախոսը համարում է իր անունն արատավորելուն ուղղված քայլեր. «Սա շանտաժ է, որի հիմքերը բացառապես չկան ու որի համար ինքը կկանգնի պատասխանատվության առաջ»: Դասախոսի փոխանցմամբ նշված ուսանողին այս տարի է ավարտել ինստիտուտը. «Ես իրեն մեկ տարուց ավել դաս չեմ պարապել, նման բան չէր կարող լինել թե այն ժամանակ, թե ներկայում, թե երբևիցե»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ` վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը նշեց, որ դիմումն ուղարկվել է ոստիկանության Վանաձորի բաժին դիմումում նշված փաստերը ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար:
Դատախազի փոխանցմամբ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը հետախուզման մեջ չի գտնվում, քանի որ նրա մեղքը դեռ ապացուցված չէ եւ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել:
Նշենք, որ Արամ Համբարյանը ՎՊՄԻ-ում դասավանդում է արվեստի ամբիոնում:




























