Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սխալ տեղեկություններ է տարածում Սիրիայի հայերի վերաբերյալ: Ավելին` նա նույնիսկ տեղյակ չէ, թե իրականում Սիրիայում  ինչ է կատարվում: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից: Նա մինչ մեկնելը հանդիպել է նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

«Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել»,- նկատեց Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով, ոչ Սիրիա մեկնելուց առաջ, ոչ վերադառնալուց հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները իր հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել:

Բաբաջանյանը փոխանցեց, որ Սիրիայում արդեն հացի խնդիր է առաջացել, իսկ առաջիկայում կսկսվի դեղորայքի ճգնաժամը: Իսկ ամենահայաշատ կենտրոնի`Հալեպի գործարանների մեծ մասը ոչնչացված է, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին գործազրկությունը դառնալու է հիմնական խնդիր: «Սիրիայի պայմաններում անլուծելի է գրեթե: Այն իմաստով, որ աշխատանքի այլընտրանքային վայրեր չկան»,- ավելացրեց Արման Բաբաջանյանը: