Ճապոնիայում 93 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղից մահացել է Ցուտամի Յամագուտին՝ միակ մարդը, որ վերապրել է 1945թ. Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբահարումները: Ինչպես հաղորդում է AP-ն, պաշտոնապես ընդունվել է, որ Յամագուտին ատոմային ռմբահարումների ժամանակ եղել է Հիրոսիմայում եւ Նագասակիում:

Յամագուտին դասվում էր 1945թ. օգոստոսի 9-ին Նագասակիի ոսբերգությունը վերապրած հիբակուսիների (վերապրած զոհերի) շարքը, իսկ 2009թ. մարտի 24-ին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հաստատեց, որ նա գտնվել է նաեւ Հիրոսիմայում՝ առաջին ռմբահարման ժամանակ: Հայտնի է, որ Յամագուտին գործնական նպատակներով Հիրոսիմա է ժամանել հենց օգոստոսի 6-ին, երբ ամերիկյան ռմբակոծիչն առաջին ռումբը նետեց քաղաքի վրա: Գործարարը, որ ծանր այրվածքներ էր ստացել, քաղաքում անցկացրել է մի օր, ապա վերադարձել է իր հայրենի քաղաք Նագասակի, որտեղ երեք օր անց կրկին ենթարկվել է ատոմային ռմբահարման:

Այդ դեպքերից հետո Յամագուտին փորձել է ապրել սովորական կյանքով, որքան հնարավոր է: Նա գրել է իր հիշողությունները, նաեւ նկարվել «Nijuuhibaku» (Կրկնակի ռմբահարված, կրկնակի վերապրած) վավերագրական ֆիլմում:

1945թ. օգոստոսի 6-ին ամերիկյան Enola Gay ռմբակոծիչը Հիրոսիմայի վրա նետեց առաջին ատոմային ռումբը՝ «Փոքրիկ» անունով: Քաղաքի զգալի մասն ավերվեց, պայթյունից զոհվեցին 70 հազար մարդ, եւս 60 հազարը մահացան ճառագայթային հիվանդությունից, այրվածքներից ու վնասվածքներից: 1945թ. օգոստոսի 9-ին Նագասակիի վրա նետվեց երկրորդ ատոմային ռումբը՝ «Չաղլիկ» անունով, որի արդյունքում զոհվեցին 74 հազար մարդ, 51 հազար շինություն ավերվեց: