Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանից գողության գործով երեկ շարունակվել է  վկաների հարցաքննությունը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի օգոստոսի 15-ի նիստում ցուցմունքներ տված վկա Աիդա Սամսոնյանը հաստատեց, որ իր տունը վարձակալությամբ հանձնել է գործով գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն:

Վարձակալության պայմանագրի կնքմանը ներկա է եղել նաեւ Վ. Ազարիաշվիլու ընկերը՝ Վլադ Տրուբիցինը: Վկան փաստեց նաեւ, որ խուզարկության ժամանակ տնից հայտնաբերվել են սեւ դիմակներ, կողպեքներ, բանալիների մեծ խուրձ, գործիքներ: Այն հարցին, թե դրանք ու՞մ են պատկանել, վկան հայտարարեց. «Պատկանում են այն անձին, ով վարձակալել է տունը»:

Գործով եւս երեք վկաներ դեռեւս չեն հարցաքննվել՝ նրանք գտնվում են հանրապետությունից դուրս: Նրանց հարցաքննությանը դատարանը կանդրադառնա ավելի ուշ: Մինչ այդ, դատարանը փոխեց ապացույցների հետազոտման կարգը եւ սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը:

Առաջինը ցուցմունքներ տվեց ամբաստանյալ, ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանը, ով մասնակիորեն ընդունեց մեղադրանքը: Նա խոստովանեց, որ Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն 17 գիրք է տվել՝ 6000 ԱՄՆ դոլարի դիմաց: Գայթակղվել է, սակայն հետո, երբ զգացել է, որ «շատ վատ բան է արել», խնդրել է վերադարձնել գրքերը՝ պարտավորվելով վերադարձնել դրանց համար վճարված գումարը: Միաժամանակ նա հերքեց, թե Վ. Ազարիաշվիլին իրեն եւս 9000 ԱՄՆ դոլար տվել է նույնպես գրքերի դիմաց: Ըստ նրա, Վ. Ազարիաշվիլին 9000 ԱՄՆ դոլարը իրեն սոսկ ի պահ է տվել:

Նախաքննության ընթացքում տված ցուցմունքում ամբաստանյալը հայտնել էր, որ 9000 դոլարը Վ. Ազարիաշվիլին նույնպես տվել է գրքերի դիմաց: Ամբաստանյալի գնահատմամբ, դա միայն ենթադրություն է եղել: Ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլին շատ չհապաղեց ու հարցրեց, թե երբ է նա մտադիր հետ վերադարձնել իր 9000 դոլարը:

Իր դատաքննական ցուցմունքում ամբաստանյալը պարբերաբար նշում էր, որ գրքերը հին էին, վերացման ենթակա, քանի որ սնկային հիվանդություն ունեին: Իսկ Վ. Ազարիաշվիլին միջնորդեց դատարանին հետազոտել այդ գրքերի վիճակը: Նախագահող դատավորը խորհուրդ տվեց ցանկության դեպքում միջնորդությունն անել համապատասխան փուլում, եւ դատարանն այն քննության կառնի:

Մեղադրող Աշոտ Նադոյանը միջնորդեց դատարանին ժամանակ տրամադրել իրեն ամբաստանյալ Հ. Դուրգարյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունները ճշտելու ու դատարանին ներկայացնելու համար:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ օգոստոսի 27-ը: