Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 3-ի դատական նիստում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով պաշտպանական ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Իսկ նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Ըստ գործի նյութերի, «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանն իր նախկին հարեւան Ժորա Պապիկյանի անվամբ կազմավորել է «Արուսյակ» կոոպերատիվը՝ վերջինս ձեւակերպվել է որպես կոոպերատիվի գլխավոր հաշվապահ եւ նախագահ, կոոպերտիվի կնիքը պահվել է Անահիտ Գրիգորյանի մոտ:
Մեղադրող կողմը ապացույցներով հաստատված է համարում, որ 2003-2009թթ. ընթացքում «Արուսյակ» կոոպերատիվը որեւէ գործունեություն չի ծավալել, Անահիտ Գրիգորյանը կազմել եւ Ժորա Պապիկյանի միջոցով հարկային մարմիններին մշտապես ներկայացրել է զրոյական հաշվետվություններ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, օգտվելով իր ղեկավարության կողմից իր նկատմամբ վստահությունից, Անահիտ Գրիգորյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, 2003-2009թթ. ընթացքում պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա»-ի հաշվարկային հաշվից որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947 մլն 704 հազար 500 դրամ ընդհանուր գումար: Ընդ որում, վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Վիկտոր Գրիշյանի, իսկ 23-ը՝ նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հաստատմանը, ովքեր առանց ուսումնասիրելու ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում, ըստ մեղադրանքի, Անահիտ Գրիգորյանը կեղծել է հիշյալ անձանց ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ա.Գրիգորյանի հանձնարարությամբ եւս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանը:
«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու եւ յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը 2003-2009թթ. ընթացքում՝ կեղծելով նաեւ կոոպերատիվի նախագահ Ժորա Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնել է «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանին, հաշվապահ գանձապահ Աղավնիկ Խաչատրյանին, անձնակազմի կառավարման եւ անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Արմինե Գրիգորյանին, եղբորորդի Արմեն Գրիգորյանին եւ ամուսնուն՝ Սարգիս Դանիելյանին ու գործընկերուհի Լիլիկ Հակոբյանին, նրանց միջոցով կանխիկացրել եւ հափշտակել է ընդհանուր առմամբ 930 մլն 230 հազար 500 դրամ գումար: Ընդ որում, Անահիտ Գրիգորյանի հափշտակությանը օժանդակած Սաթենիկ Սարգսյանը առաջինին հանձնել է իր անվամբ կազմված 44 կտրոններով բանկից ստացված 257 մլն 613 հազար 000 դրամը /որից 25 մլն 550 հազար դրամը՝ իր իսկ կեղծած 8 հանձնարարագրերի հիման վրա/, Աղավնիկ Խաչատրյանը՝ 123 կտրոններով ստացված 328 մլն 378 հազար դրամը, Արմինե Գրիգորյանը՝ 72 կտրոններով ստացված 277 մլն 551 հազար դրամը, Արմեն Գրիգորյանը՝ 9 կտրոններով ստացված 40մլն 21 հազար դրամը, իսկ Սարգիս Դանիելյանը՝ 3 կտրոններով ստացված 5 մլն 704 հազար դրամը: Անահիտ Գրիգորյանի խնդրանքով 6 կտրոնների հիման վրա բանկից 9 մլն 980 հազար դրամ գումար է ստացել եւ Անահիտ Գրիգորյանին է փոխանցել նաեւ Լիլիկ Հակոբյանը, ով իրազեկված չի եղել գումարի հափշտակության մասին:
Յուրացման փաստը քողարկելու նպատակով Անահիտ Գրիգորյանը գումարների ստացման մասին բանկային փաստաթղթերն ու վճարման հանձնարարագրերը պատշաճ հաշվապահական ձեւակերպում չի տվել ու թաքցրել է:
Բացի այդ, 2008-2009թթ. հաշվապահ-գանձապահ Աղավնիկ Խաչատրյանը տարբեր գործարքների դիմաց դրամարկղային մուտքի օրդերներով կանխիկ գանձելով 7 մլն 349 հազար 100 դրամ, Անահիտ Գրիգորյանի պահանջով գումարը փաստացի չի մուտքագրել դրամարկղ ու հանձնել է Անահիտ Գրիգորյանին, այսինքն՝ օժանդակել է վերջինիս կողմից գումարի յուրացմանը:
2003-2009թթ. առանձանպես խոշոր չափի՝ 937 մլն 579 հազար 600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Անահիտ Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ եւս՝ փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետեւ տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների եւ հաշվապահական ձեւակերպումների միջոցով ծախսագրել է, որի արդյունքում հափշտակության փաստերը տեւական ժամանակ չեն բացահայտվել:
Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ:




























