Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահը հետեւեց «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվեց մասնակիցների առօրյայով, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու հանրապետության մարզերից ժամանած հայ երիտասարդներ, ինչն իրար ճանաչելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու լավ հնարավորություն է ստեղծում: Սերժ Սարգսյանի խոսքով, չնայած ամենօրյա շփումներ իրականացնելու ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններին, այսպիսի հանդիպումները, անմիջական շփումներն անփոխարինելի են: «Մի բան հստակ իմացեք, դուք կարեւոր եւ թանկագին մաս եք կազմում մի հրաշք ամբողջականության, այդ ամբողջականությունը կոչվում է Հայաստան, եւ Հայաստանն առանց ձեզ, առանց ձեզնից յուրաքանչյուրի ամբողջական լինել չի կարող: Եվ իմացեք, որ դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ եւ չեք կարող լիարժեք ձեզ դրսեւորել»,- «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաքի փակման արարողությանը դիմելով երիտասարդներին, նշեց, որ 10 տարիների ընթացքում ձեւավորվել են հաղթանակի հասնելու բազեական սկզբունքները, այն է՝ անմնացորդ նվիրվել թիմին, ամեն ինչ անել հանուն ընդհանուր հաղթանակի, սակայն ազնիվ ու արդար պայքարում։ Կարեն Ավագյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներից շեղվել ոչ միայն հավաքի ընթացքում, այլեւ ամբողջ կյանքում երիտասարդներին չի հաջողվի։

 10-ամյա «Բազե» հավաքի վերջին օրը՝ օգոստոսի 18-ին, տեղի ունեցան «Բազկամարտ», «Պարանի ձգում», «Շախմատ», «Երգ», «Պար», «Նորաձեւություն» մրցույթների եզրափակիչ փուլերը։ Ժյուրիի անդամ Զառա Տոնիկյանը բարձր գնահատեց այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծվել է «Բազե» համահայկական հավաքում, ինչը շատ կարեւոր է եւ երիտասարդության, եւ հայ ժողովրդի համար։ Զառա Տոնիկյանը նշեց, որ լավագույն երգչի ընտրությունն իր համար բավականին դժվար էր, քանի որ բոլոր կատարողներն էլ գրեթե հավասար միավորների էին արժանի։

Գալա համերգի վերջում ամփոփվեցին մրցութային միավորները, եւ հայտարարվեց «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի հաղթողը։ Այս տարի հաղթանակը տոնեց նարնջագույն ճակատը, երկրորդ տեղում կարմիր ճակատն էր, երրորդում՝ կապույտը: