Օգոստոսի 21-ին, ժամը 11.00-ին, Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, Վանաձորում` Լոռիի մարզպետարանում, կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն, որին կմասնակցեն գյուղական համայնքների ղեկավարները եւ «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը:
Նշենք, որ օգոստոսի 18-ին, Վանաձորում կայացած պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում որոշ գյուղական համայնքների ղեկավարների կողմից խնդիրներ բարձրացվեցին կապված վերոնշյալ ծրագրով իրականացվող բնակարանային շինարարության ընթացքի հետ:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, գյուղական բնակավայրերում տների որակյալ եւ ժամկետին շահագործման հանձնելու հանգամանքը, ինչպես նաեւ շահագռգիռ երկու կողմերի մասնակցությամբ առկա խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը` նախարար Ս. Թադեւոսյանը հանձնարարել էր առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում համայնքի ղեկավարների եւ կառուցապատող ընկերության ղեկավարության հետ:
Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերն ընթանում են Լոռիի մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում եւ 24 գյուղական համայնքներում:



























