Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա, թե ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, հարուցվել է քրեական գործ  ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Լոռիի քննչական բաժնից:

Հարկ է նկատել, որ սույն հոդվածով կատարված արարքը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Վ.-ից Լոռիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ: Նշենք, որ Արամ Համբարյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս է: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նա պնդել էր, թե ինքը որեւէ սեռական գործողություններ չի արել նշված ԲՈՒՀ-ի ուսանողուհու հանդեպ: «Ամբողջովին սուտ է, նման բան չկա, սա զուտ զրպարտանք է, որի համար պատասխանատվության կենթարկվեն բոլոր անողները, ովքեր մասնակից են այս գործողություններին»,- ասել էր նա: