Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների մեծ աճ է արձանագրվել, այնտեղ  գործող 30 հանգստյան տներում եւ առողջարաններում այս պահին ազատ սենյակներ չկան: Այս մասին այսօր`  օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

«Եթե անցյալ տարի Դիլիջանում 15 հազար հանգստացող ենք ունեցել, ապա այս տարի 15 հազարն արդեն ընդունել ենք»,- ասաց նա` հավելելով, որ նույնիսկ քաղաքի փողոցներում խցանումներ են առաջանում:

Աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ` Ճապոնիայից եւ Չինաստանից զբոսաշրջիկներ են այցելել Դիլիջան:  Բայց ամեն դեպքում, արտասահմանցի զբոսաշրջիկների հիմնական մասը սփյուռքահայեր են: «Ցանկացած խավի բնակիչ կարող է գալ եւ հանգստանալ Դիլիջանում: Ընդհուպ մինչեւ գիշերավարձով կարելի է սենյակ գտնել՝ ընդամենը 5 հազար դրամով: Սենյակների օրավարձը 5000-ից հասնում են մինչեւ 180 հազար դրամի»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով` զբոսաշրջության զարգացմանը նպաստել է քաղաքի հիմնական մայրուղու վերանորոգումը, մեծ ներդրումներ է կատարել նաեւ մասնավոր հատվածը` կառուցելով հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ եւ հանգստի առանձին գոտիներ:  Դիլիջանի հիմանական խնդիրը եղել են սողանքները, սակայն, ըստ Արմեն Սանթրոսյանի, այդ ուղղությամբ եւս արդեն աշխատանքներ են տարվում, մասնավորապես` դրենաժային թունելներ են կառուցվում եւ հաջորդ տարի այդ խնդիրն այլեւս չի լինի: Թեեւ տարվող շինարարական աշխատանքներին, քաղաապետի վստահեցմամբ, ոչ մի ծառահատում չի եղել, եւ Դիլիջանի անտառները հատուկ հսկողության տակ են գտնվում:

Նրա տեղեկացմամբ` վերջին տարիներին Դիլիջանից գրեթե ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնել: «Դիլիջանցիները աշխատանքի խնդիր գրեթե չունեն. նրանք արդեն մի քանի տարի է այլեւս չեն գնում արտագնա աշխատանքի եւ ներգրավված են շինարարական աշխատանքներում, ինչպես նաեւ սպասարկման ոլորտում»,- ասաց նա:

Այս պահին իրականացվում են Դիլիջանում կառուցվող Կենտրոնական բանկի շենքի հարդարման աշխատանքները, որը կգործի 2013 թ-ից, քաղաքում կլինի «Թումո» կենտրոն, Պետեկամուտների կոմիտեն հերթական առողջարանային կենտրոնն է կառուցում:  Ավելին` Կառավարության նոր որոշմամբ Դիլիջանում խաղատներ չեն կառուցվի: