Հայաստանը մսամթերքի արտադրության բնագավառում ինքնաբավ երկիր չէ, սակայն կառավարության ձեռնարկած ծրագրերի արդյունքում Հայաստանում աստիճանաբար ավելանում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: NEWS.am-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2012թ-ին համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ ավելացել է 27 հազար 886-ով:
Անասնագլխաքանակի համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2012թ. հունվար – փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 312 գյուղական բնակավայրերի 10 հազար 436 գյուղացիական տնտեսություններում անց են կացվել անասնագլխաքանակի հաշվառման արդյունքների ստուգումներ: Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները, այսպես. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 1.0%-ով, կովերինը`1.2%-ով, խոզերինը`6.3%-ով, ոչխարներինը եւ այծերինը` 2.5%-ով: Իսկ ձիերինը 130 գլխաքանակով նվազել է: Խոշոր եղջերավոր անասունները 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հետեւյալ պատկերը ունեն ընդամենը` 599 հազար 243, որից կով` 283 հազար 349, խոզ` 108 հազար 88, ոչխար եւ այծ` 590 հազար 214, ձի` 9 հազար 912: Իսկ անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետեւյալ պատկերը ունի խոշոր եղջերավոր անասուն ընդամենը` 571 հազար 357 , որից կով` 272 հազար 572, խոզ` 114 հազար 777, ոչխար եւ այծ` 532 հազար 515, ձի` 10 հազար 42:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհանիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոչխարների գլխաքանակը շուրջ 60 հազարով ավելացել է, քանի որ կառավարության կողմից տավարաբուծության զարգացման ծրագիր է իրականացվում: Նկատելով հանդերձ, որ դա աննախադեպ արդյունք է` նա մանրամասնեց աճի միտմանը նպաստող գործոնները: «2007թ-ից մենք դրսից պարբերաբար Հայաստան ենք ներկրում Եվրոպական լավագույն ցեղի կենդանիներ` կաթնատու կաթնամսատու: Երկրորդ անցյալ տարի նկատվեց կաթի մթերման աճման միտումներ: Հետեւաբար` գյուղացին շահագրգռված է կենդանի պահել կաթ եւ միս արտադրել: Այս տարի մոտավորապես 120-150 հազար գլուխ ոչխար կարտահանվի: Սովորաբար արտահանման գործընթացը սկսվում է սեպտեմբերից: Մեզ մոտ տարեկան 420-430 հազար ոչխար է աճեցվում սպանդի համար, իսկ մենք արտահանում ենք 120-180 հազար գլուխ, ինչը նորմալ թիվ է: Մենք նախընտրում են գառան միսը, իսկ պարսիկները մեծ ոչխարի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է խոզերին, ապա, ըստ Աշոտ Հովհաննիսյանի այստեղ բացառապես մսի պահանջարկ է ապահովվում: Բացի այդ, նրա խոսքով, խոզ պահելը ռիսկային է, որովհետեւ 2007թ-ից, երբ մեր հանրապետությունում խոզի ժանտախտի հիվանդությունը տարածվեց, այն օջախներ է թողել եւ ցանկացած պահի հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել, հետեւաբար խոզը մի քիչ ռիսկային է եւ չի կարող գլխաքանակը կտրուկ բարձրանալ: Մյուս հանգամանքն էլ այն է, որ խոզերը ներկրված կերով են սնվում, ինչը թանկ է եւ այդ խտացրած կերերի պահանջարկը չենք կարողանանում բավարարել: Բացի այդ Հայաստան ներկրվող սառեցված միսը շատ էժան է, ինչը մրցակցությունը շատ դժվար է դարձնում այս շուկայում: Տավարի մսի առումով եւս Հայաստանը ինքնաբավ երկիր չէ, սակայն կառավարության կողմից աշխատանքը տարվում են ինքնաբավությունը ապահովել եւ հետագայում նաեւ արտահանումը ապահովելու ուղղությամբ:
Հարցին, թե ներկա պահին ինչն է խնդիր հանդիսանում ինքնաբավությունը ապահովելու համար, Աշոտ Հովհաննիսյանը մանրամասնեց.« Մեր սահմանափակ բնատնտեսական միջոցները: Մենք չենք կարող անսահմանափակ գլխաքանակ ապահովել: Մսի եւ կաթնամթերքի ավելացումը ինտենսիվ անասնապահությունն է ենթադրում , որի ուղղությամբ նախարարությունը եւ կառավարությունը քայլեր ձեռնարկում է բարձր մսատու, կաթնատու ցեղեր ներկրելու միջոցով, որպեսզի կովերի կաթնատվությունը տարեկան 2.5 հազարից դառնա մինչեւ 4 հազար կգ, իսկ միայն գլխաքանակի ավելացմամբ մենք չենք կարող ինքնաբավ երկիր դառնալ, քանի որ մեր արոտները սահմանափակ են»: Եթե համեմատում ենք փաստացի սպառման հետ, ապա ոչխարի առումով մենք ինքնաբավ ենք 100 տոկոսով, տավարի եւ խոզի առումով 70 տոկոսով, իսկ մյուս 30 տոկոսը ներկրում ենք: Ինչ վերաբերում է ձիերի գլխաքանակի նվազմանը ասաց, որ ձիերը նախկինում ներգրավված էին գյուղատնտեսական աշխատանքներում , իսկ հիմա անտառամերձ գյուղերում են օգտագործում, ծառայում են էկոտուրիզմի եւ սպորտի բնագավառում: Աշոտ Հովհաննիսյանը ընդգծեց նաեւ, որ ընդհանուր առմամբ Հայաստանը նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի աճման տեմպերով ԱՊՀ-երկրներում զբաղեցրել է 1-ին տեղը:



























