ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետեւանքով (Ողջի գետում ավելի քան 12ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող ՀԿ-երը կազմակերպել են քննարկում, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության եւ ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ:
«Սակայն Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության եւ ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետեւանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետեւանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով ՀԿ-ները կդիմեն ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-երը հետեւողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:
Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի եւ Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը եւ կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Կայուն զարգացում», «Ազատամարտ» Կոմիտեի, «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ
Սյունիքի մասնաճյուղի, «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական
հասարակական կենտրոն»-ի, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչները:


























