Կոտայքի մարզի Բջնի գյուղից  2 շաբաթ առաջ կորած  եւ նույն մարզի Ջրաշեն գյուղում հանգրվանած 1 միլիոն արժողության 4 ցլիկները հայտնաբերվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բջնի գյուղի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը: Նրանից տեղեկացանք, որ ցլիկներին գտած եւ իրենց գոմում հյուրընկալած ջրաշենցի ընտանիքը ցլիկներին հետ վերադարձնելու համար 200 հազար դրամ գումար է պահանջել, որպես փոխհատուցում 2 շաբաթ նրանց կերուխումը ապահովելու, ինչպես նաեւ իրենց գոմում ապաստան տալու համար: Սակայն ցլիկների տերերը չեն համաձայնվել այդ պահանջի հետ:

Երկար-բարակ վեճից հետո մասնագետ են հրավիրել, ով հաշվարկել է ցլիկների «հյուրընկալման» ամբողջական ծախսերը, որը, ըստ մասնագետի 60 հազար դրամ  է կազմել:

«Մեր բջնեցիներն էլ 60 հազար դրամը վճարեցին, գնացին: Բայց այնպես էլ չէր, որ ցլիկներին գողացել էին կամ հովիվին էին տվել, ում անուշադրության հետեւանքով ցլիկները կորել էին»,- նկատեց գյուղապետը:

Ի դեպ, կորած ցլիկներին տիրանալու համար շատերն են գնացել նրանց վերցնելու, սակայն ցլիկներին գտած ընտանիքը պահանջել է, որ ցլիկներին բնորոշ նշաններով բնութագրեն նրանց, ինչը, սակայն, բացի իրական տերերից ոչ ոքի չի հաջողվել: Հարկ է նկատել, որ նույն ընտանիքին պատկանող 2 ցլիկ դեռ կորած են, եւ որոնողական աշխատանքները  դեռ շարունակվում են:

Գյուղապետի փոխանցմամբ, գործը հասել է նաեւ ոստիկանություն, սակայն,  քանի որ առեւանգման հանցակազմ չկա, ոստիկանությունը չի կարող գործին ընթացք տալ: