Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով BB մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Միաժամանակ կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում է, առաստաղը` BB մակարդակում:

Fitch Ratings-ը նշել է, որ վարկանիշների հաստատումն արտացոլում է Հայաստանի բյուջետային եւ արտաքին դիսբալանսների աստիճանական նվազումը: Կառավարությունը 2011թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ-ի 2,8 տոկոս` 2010-ի 5 տոկոսի դիմաց, հարկահանության, չնախատեսված եկամուտների եւ ծախսերի զսպման շնորհիվ: Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 տոկոսով սպառման եւ արտահանման, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի աճի շնորհիվ: Fitch-ն ակնկալում է, որ 2012-14 թթ. ՀՆԱ-ի աճը կկազմի 4 տոկոս (2012-ին տվյալ կանխատեսման ավելացման հավանականություն կա):

Լեռնահանքային ոլորտում արդյունահանման ցուցանիշերը հնարավոր է գերազանցվեն, սակայն մետաղների գներից եւ ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելիության աղբյուր են: Ներդրումային մթնոլորտի բարելավման դեպքում ոլորտը կարող է ավելի արագ աճ արձանագրել միջնաժամկետ հեռանկարում:

Հայաստանի արտաքին ֆինանսները թույլ կողմ են համեմատած համադրվող սուվերեն թողարկողների: 2011թ. ընթացիկ գործառնությունների դեֆիցիտը կրճատվել է մինչեւ 11 տոկոսի, իսկ այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մինչճգնաժամային մակարդակը:

Հայաստանի Կենտրոնական բանկը թույլ է տվել ավելի ճկուն արժութային կուրս 2012թ. առաջին կիսամյակում արժութային եկամուտների ժամանակավոր նվազման պայմաններում: Թեեւ ինտերվենցիաների չափը կրճատվել է, բանկը 2011-2012թթ.. արտարժույթի նետտո-վաճառող է:

Ըստ գործակալության, հետագա արտաքին շոկերը հաղթահարելու Հայաստանի ունակությունն ավելի թույլ է, քանի 2008թ.` պետական եւ արտաքին պարտքի ավելացման պատճառով: Ռեզերվների կամ դրամի վրա ճնշումը` արտաքին շոկի պայմաններում կարող է հանգեցնել բացասական վարկանիշային գործողությունների: Կապիտալի անբավարար հոսքի պայմաններում ավելանում են դեւալվացիայի ռիսկերը: Ընթացիկ գործառնությունների դեֆիցիտի կրճատումը, դոլարիզացման նվազումն ու ռեզերվների ավելացումը կարող են դրական վարկանիշային գործոններ լինել:

Fitch-ն ավելի վաղ նշել էր Հայաստանի բանկային համակարգի համեմատաբար ուժեղ կողմերը: Միեւնույն ժամանակ բանկային վարկավորման իրական աճն ամենաարագն էր 2011թ. զարգացող տնտեսությամբ եվրոպական երկրներում BB վարկանիշով, ինչը որոշակի մակրոպրուդենցիալ մտահոգություն է հարուցում:  

Ըստ գործակալության, Հայաստանում ներկայում իրականացվող քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կշարունակվի նաեւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կրկին կհաղթի այդ ընտրություններում, եթե առաջադրի իր թեկնածությունը:

Խորհրդարանկան ընտրությունների դրական փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագահական ընտրությունների արդյունքները նույնպես կընդունվեն, ինչը կհանի այդ արդյունքների բողոքարկման եւ անկարգությունների ռիսկը: Իսկ 2013թ. փետրվարին նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկման հետեւանքով հնարավոր հուզումները կամ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի հետ լարվածության ավելացման դեպքում հնարավոր են վարկանշային բացասական փոփոխություններ: Թեպետ Fitch-ի բազային սցենարի համաձայն` վերը նշված երկու իրադարձություններից եւ ոչ մեկը չի կանխատեսվում: