Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կքննվի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դեռեւս դատաքննություն նշանակելու որոշում չի կայացվել:
Հիշեցնենք, որ Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլորը մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:




























