Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր` Արշակ Վարդանյանի նախագահությամբ 31-ամյա Էդգար Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը 2 եւ ավելի անձանց օգտագործելով: Վերջինիս արարքի համար նրան ազատազրկման են դատապարտել 3 տարի պատժաժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական Դեպարտամենտի պաշտոնական կայքէջից: Հարկ է նկատել, որ սույն հոդվածը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:
Անդրադառնալով արարքի նախապատմությանը` նշենք, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երեւան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցում որպես դռնապան, 2009թ. մայիսից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, յուրաքանչյուր անգամ 5-30 հազար դրամ գույքային օգուտ ստանալով, նպաստել է մարմնավաճառուհիներ Ս. Սոբչենկոյի, Հ. Գ-ի, Լ. Գ-ի, Ռ. Պ-ի, Մ. Բ-ի եւ Ն. Մ-ի պոռնկությամբ զբաղվելուն` նրանց համար հաճախորդներ գտնելով: Մասնավորապես` ծանոթանալով հյուրանոց այցելած վերոնշյալ մարմնավաճառուհիների հետ, փոխանակել են հեռախոսահամարները եւ պայմանավորվել որոշակի միջնորդավճարի դիմաց Էդգար Հակոբյանի կողմից նրանց հաճախորդներով ապահովելու շուրջ։ Այնուհետեւ, ամբաստանյալ Էդգար Հակոբյանը գույքային օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար, գիշերային ժամերին զանգահարել եւ մարմնավաճառուհիներին կանչել է հյուրանոց, ուր վերջիններս գումարի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել Էդգար Հակոբյանի գտած հաճախորդների հետ, որից հետո անձամբ կամ Էդգար Հակոբյանի կողմից վերցրած գումարից 5-30 հազար ՀՀ դրամ միջնորդավճար են տվել վերջինիս` իրենց հաճախորդներով ապահովելու համար։ Էդգար Հակոբյանին առաջադրված մեղադրանքը դատարանը հաստատված է համարել նաեւ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքներով, վկաներ Ս. Ս-ի, Հ.-ի, Լ. Գ-ի, Ռ. Պ-ի, Մ. Բ-ի եւ Ն. Մ-ի նախաքննական ցուցմունքներով: Ինչպես նաեւ Էդգար Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսները զննելու մասին 2012թ. մարտի 7-ին կազմված արձանագրության, վերջինիս կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների զննության արձանագրության, որպես ապացույց ճանաչված` ամբաստանյալ Էդգար Հակոբյանի եւ մարմնավաճառների միջեւ կայացած հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ լազերային սկավառակի առկայությամբ։ Հատկանշական է, թե ինչ անուններով է Էդգարը մարմնավաճառուհիներին գրանցել իր հեռախոսի մեջ: Օրինակ, Նարե 30` լավը, Լիլուշ` Կոնդ, Լիկա` ամեն ինչ եւ այլն: Իսկ գումարի փոխանակումը Էդգարի եւ մարմնավաճառուհիների միջեւ տեղի է ունեցել վերելակի մոտ, քանի որ այնտեղ տեղադրված տեսախցիկ չի եղել: Եղել են նաեւ դեպքեր, երբ Էդգարն է հաճախորդից գումարը վերցրել եւ գումարը բաժանել իր եւ մարմնավաճառուհիների միջեւ: Հարկ է նկատել, որ մարմինը վաճառքի հանած մարմնավաճառուհիների եւ իր հասանելիքը գրեթե էապես չեն տարբերել: Նրան սովորաբար 5 հազար դրամ պակաս է հասել մարմնավաճառների վաստակից: Իսկ հիմնական հաճախորդները արտասահմանցիներն են եղել: Ինչեւէ, 31-ամյա Էդգար Հակոբյանը ունի միջնակարգ կրթությամբ, 3-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է եւ խնամքին ունի մինչեւ 14 տարեկան անչափահաս 3 երեխաներ եւ 1-ին կարգի հաշմանդամ հայր:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


























