Խղճի խայթ եմ զգում այդ մարդու մասին խոսելուց, որովհետեւ խղճում եմ, եթե չխղճայի, կդիմեի դատարան, սակայն խղճում եմ եւ գտնում, որ հարկավոր չէ ընկածին հարվածել: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` խոսելով Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, բայց ինքնաբացարկի դիմում գրած Հմայակ Հովհաննիսյանին:
«Ես անձամբ չէի ցանկանա խոսել մի մարդու մասին, ով ունի հոգեկան, աշխատանքային, գուցե նաեւ այլ խնդիրներ: Չէի ցանկանա այդ անձնավորության մասին զրույցը շարունակել»,- նշեց նա
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի եւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի «կռիվը» սկսվել է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանը, ընդգրկվելով ԲՀԿ համամասնական ցուցակում, ինքնաբացարկի դիմում գրեց եւ չդարձավ պատգամավոր: Դրանից հետո թե քաղաքագետի, թե ԲՀԿ տարբեր ներկայացուցիչների անունից փոխադարձ վիրավորանքներ, «բացահայտումներ» հնչեցին եւ դեռ շարունակում են հնչել:




























