NEWS.am-ը ներկայացնում է Իսրայելի Տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլիան Էդելշտեյնի հետ հարցազրույցը:
Հայաստան կատարած Ձեր այցի ընթացքում Դուք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր եք ստորագրել: Ինչպիսի՞ն են այդ ոլորտներում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ըստ իս, ինքնին այն փաստը, որ ինձ հաջողվեց նման համաձայնագիր ստորագրել մշակույթի նախարարի հետ, ցույց է տալիս, որ կան որոշակի նպատակներ: Համաձայնագրերում մատնանշված են հստակ ամսաթվեր, որոշակի իրադարձություններ եւ աշխատանքի ուղղվածություն: Օրինակ, 2013-ի ապրիլին Հայաստանում կանցկացվի Իսրայելի մշակույթի օրեր, 2014-ի սկզբին` Իսրայելում կներկայացվի Հայաստանի մշակույթը: Շուտով մենք կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Իսրայելի ԱԳՆ-ի կազմակերպած միջոցառումներ կանցկացվեն: Բացի այդ, կան շատ ասպեկտներ, որոնք անհրաժեշտ է լրացնել հստակ բովանդակությամբ, մասնավորապես` գիտական փորձի փոխանակումը: Որպես իսրայելցի, կարող եմ ասել, որ երբ շրջում ես Հայաստանի պատմության թանգարանում, հասկանում ես, որ քիչ երկրներ կան, որոնց հետ կարելի է համագործակցել հնագիտության ասպարեզում: Շատ երկրներում հնագիտականը 300-400 տարվա նյութերն են, իսկ Իսրայելի եւ Հայաստանի համար այդ թիվը 3000-4000 տարի է: Կարծում եմ, կարող ենք համագործակցել այդ ոլորտում: Բացի այդ, ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդական ծրագրերը:
Եթե խոսենք Հարավային Կովկասի երկրների `Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, ապա որո՞նք են այդ երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության Իսրայելի առաջնահերթությունները:
Նկատի ունենալով, որ շատ մեծ հրեական համայնք է Վրաստանից Իսրայել տեղափոխվել, սակայն երկրում դեռեւս կա համայնք, Իսրայելի համար Վրաստանն ավելի ծանոթ երկիր է, գույություն ունի զբոսաշրջիկների հոսք երկու ուղղությամբ էլ: Նույնը կարելի է ասել նաեւ Ադրբեջանի մասին: Հայաստանը, կարծում եմ, քիչ է ծանոթ Իսրայելին: Այո, համայնք կա, սակայն թվերը բոլորովին այլ են: Նույնիսկ մեր պատվիրակությունից շատերն առաջին անգամ են Հայաստան եկել: Կան որոշակի դրական փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել առավել մեծ հետաքրքրության: Մենք քննարկել ենք նաեւ լրագրողների փոխանակման հնարավորությունը, որպեսզի առավել հետաքրքրություն հրավիրենք այս երկրի նկատմամբ, որը մեծ ներուժ ունի: Իսրայելում, բնականաբար, կան հայկական համայնք եւ սրբավայրեր, կա զբոսաշրջության երկկողմ զարգացման հեռանկար:
Նախատեսվո՞ւմ են արդյոք որեւէ ծրագրեր կամ փորձի փոխանակումն երկու եկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ:
Այդ հարցը քննարկվել է նաեւ ԱԳՆ-ի հետ, կարծում եմ, հետագայում մեզ կհաջողվի կազմակեպել պատվիրակությունների փոխանակություն: Ինձ ավելի շատ հետաքրքրում են լրագրողները, որոնք գրում են ոչ թե քաղաքական թեմաներով, այլ նրանք, ովքեր կարող են պատմել մշակույթի, հնագիտության, պատմության, շրջակա միջավայրի պաշտպանության, արդյունաբերության, գյուղատնտեսության մասին: Վստահ եմ, եթե նման լրագրողներ բերվեն Հայաստան, նրանք հետաքրքիր հարցեր կբարձրացնեն:
Արդիական հարցերից մեկն է մնում Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացումը: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Երեւանում դեսպանատան բացման հեռանկարները:
Դեսպանատան բացումն, անկեղծ ասած, բյուջետային հարց է: Իսրայելը միշտ էլ շահագրգռված է միջազգային ասպարեզում լրացուցիչ ընկերներ ունենալու հարցում` նկատի ունենալով, որ մենք ստիպված ենք հանդուրժել բարդ քվեարկություններ ՄԱԿ-ում, զանազան միջազգային կազմակերպություններում: Մենք կցանկանայինք դեսպանատներ ունենալ ամենուր: Սակայն միշտ էլ ծագում է բյուջեի հարցը: Հուսով եմ, որ նորմալ տնտեսական իրավիճակում մենք կկարողանանք լրացուցիչ դեսպանատներ բացել: Եթե լինեն լուրջ փոփոխություններ մեր հարաբերություններում, ավելի շատ զբոսաշրջային, մշակութային կապեր, չվերթներ, ապա ծագում է լուրջ անհրաժեշտություն: Կարծում եմ, այդ գործոնները մեզ կստիպեն ավելի շատ մտածել դեսպանատան բացման մասին: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի փոխել դեսպանատների եւ հյուպատոսությունների հետ կապված իրադրությունը, համենայն դեպս Երեւանում որոշակի մշտական ներկայացուցչության առումով:
Ինչպես Դուք արդեն նշել եք, այցի ընթացքում Դուք այցելել եք որոշ տեսարժան վայրեր: Կպատմե՞ք Հայաստանի մասին Ձեր տպավորություններից:
Դուք ցավոտ հարց եք շոշափում: Դա նույնն է, եթե Ձեզ տային շքեղ ճաշացանկ, եւ Դուք ցանկանայիք ճաշատեսակ ընտրել, իսկ ձեզ ասեին, որ արդեն գնալու ժամանակն է: Ես նման իրավիճակում էի հայտնվել: Երբ ինձ մի փոքր պատմեցին ձեր երկրի մասին, ինչ-որ լուսանկարներ ցույց տվեցին, անմիջապես ցանկացա տեսնել պեղումները, վանքերը, եկեղեցիները, հնագույն վայրերը: Ցավոք, դրան ժամանակ չեղավ: Մենք Իսրայելում սովոր ենք մի փոքր վերեւից նայել հնությունների մասին խոսակցություններին: Ոմանց մոտ հնությունը 15-րդ դարն է, իսկ մեզ մոտ մ. թ. ա. 15-րդ դարը: Հայաստանում դա զուգորդելի է: Երկրորդ բնագավառը լեզուներն են, գրերի տարբեր տեսակները: Քանի որ ես մի ժամանակ ուսումնասիրել եմ լեզվաբանություն, ինձ համար դա առավել հետաքրքիր է: Տպավորություն է մնում, որ պետք է եւս մեկ անգամ այցելեմ ավելի երկար ժամանակով:




























