Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նախորդ շաբաթ հաստատեց Հայաստանի սուվերեն վարկանիշը BB- մակարդակում` կայուն  կանխատեսմամբ: Փորձենք գնահատել, թե ինչ է նշանակում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի այս գնահատականը:

Fitch-ը Հայաստանի վարկանիշը գնահատում է 2006 թ.-ից: Հենց սկզբից Հայայստանը ստացավ BB- վարկանիշը` կայուն հեռանկարով; Fitch-ի վարկանշային սանդղակում սա համարվում է ոչ բարձր վարկանիշ, այսինքն` տվյալ երկրի վճարունակությունը դիտվում է անբավարար (սպեկուլյատիվ) մակարդակում: Ընդ որում` անբավարար են դիտվում BB մակարդակի բոլոր վարկանիշերը, անկախ նրանից, «-»-ով են, թե «+»-ով: Բավարար վճարունակ համարվելու համար Հայաստանին հարկավոր է ավելացնել եւս մեկ «B», այսինքն` անցնել BBB մակարդակին, ինչպես Ռուսաստանը (BBB` կայուն), Ղազախստանը (BBB` դրական) եւ Ադրբեջանը (BBB-` կայուն): Սակայն դա կարծես թե այնքան էլ մոտ ապագայի խնդիր չէ:

2008 թ. Fitch-ը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը մինչեւ BB` կայուն հեռանկարով: Սակայն արդեն 2009 թ. օգոստոսին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, Fitch-ը կրկին նվազեցրեց Հայաստանի վարկանիշն իր նախնական` BB- մակարդակին: Հատկանշական է, որ այս ընթացքում Վրաստանի վարկանիշը բարձրացրին` B մակարդակից հասցնելով BB- մակարդակին: Այսինքն` Հայաստանն ու Վրաստանը ներկայում Fitch-ի կողմից նույն կերպ են գնահատված:

Որքանո՞վ օբյեկտիվ են Fitch-ի վարկանիշերը, եւ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են թողնել երկրի վրա: Փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ սուվերեն վարկանիշը (Fitch-ից, Moody's-ից կամ Standard and Poor's-ից) յուրօրինակ վարկային անձնագիր է, որը հատկապես կարեւորվում է միջազգային շուկաներում` արժեթղթեր տեղաբաշխելիս կամ վարկեր ներգրավելիս: Սակայն հարկ է նշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ու հետճգնաժամային գործընթացներն ակնհայտորեն սասանել են հանրահայտ վարկանշային գործակալությունների նախկին հեղինակությունը: Նրանց գնահատականներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում քննադատությունների օբյեկտ, հատկապես` ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների ու հետազոտողների կողմից:

Հայաստանն, օրինակ, հաշվի առնելով 2010-12 թ.թ. մակրոտնտեսական դրական զարգացումները, կարող էր ակնկալել Fitch-ի ավելի բարյացակամ վերաբերմունքի: Հանուն արդարության` Fitch-ը իսկապես էլ հաշվի է առել մակրոտնտեսական բոլոր փոփոխությունները, եւ դրանք պատշաճ կերպով ներկայացրել իր զեկույցում: Ըստ էության` Fitch-ը որպես բացասական կողմ ընդգծել է ՀՀ պետական արտաքին պարտքի մեծացումը, մետաղների գներից ու Ռուսաստանի տնտեսությունից մեծ կախվածությունը: Հենց այս գործոններն էլ զսպում են Հայաստանի սուվերեն վարկանիշը: Այս ռիսկերն, իհարկե, օբյեկտիվ են, սակայն նաեւ չափազանցված: Օրինակ` Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 40%-ի շրջանակներում է, իսկ ԱՄՆ-ինը արդեն գերազանցում է 100 %-ը, սակայն դա չի խանգարել ԱՄՆ-ին պահպանել բարձրագույն AAA վարկանիշը: Կամ` հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 10%-ը ու պետբյուջեի եկամուտների մոտ 5%-ը, իսկ Ադրբեջանի նավթագազային սեկտորը նրանց ՀՆԱ-ի ու եկամուտների 90%-ն է; Այսինքն` Ադրբեջանի (նմանապես եւ Ռուսաստանի) կախվածությունը հումքային ռեսուրսների միջազգային գներից շատ ավելի բարձր է, քան Հայաստանինը, սակայն դա չի խանգարել Fitch-ին` այդ երկրներին ավելի բարձր վարկանիշեր շնորհել: Հնարավոր է` հաշվի են առել այդ երկրներում կայունացման ֆոնդերի առկայությունը:

Հարկ է նշել, որ Fitch-ի գնահատականները հիմնվում են ոչ միայն քանակական, այլեւ որակական գործոնների հաշվառման վրա, ու այդ որակական գործոնների չափագրման մեթոդներն այնքան էլ հստակ չեն: Ընդհանուր առմամբ` Fitch-ի ու Moody's-ի Հայաստանին շնորհած վարկանիշերն առայժմ չեն նպաստում մեր կապիտալի շուկայի նկատմամբ արտասահմանցի ներդրողների հետաքրքրության աճին:

Սամվել Ավագյան