27-ամյա Նշան Սարգսյանը եւ Էդվարդ Շահնազարյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել են «Կրոշկա Կարտոշկա» խորտկարանի մոտ միզելու եւ ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ոստիկանների հետ դիտողությունից հետո վիճաբանության մեջ մտնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական Դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:
Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ. ապրիլի 7-ին ժամը 02.00-ի սահմաններում Երեւան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Կրոշկա Կարտոշկա» խորտկարանի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ միզելու համար դիտողություն են ստացել եւ վիճել ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ոստիկաններ Գ. Գ-ի եւ Ս. Ղ-ի հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, աղմկել են եւ հայհոյել, իրենց այդ դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը: Իսկ որպես խափանման միջոցներ մեղադրյալների նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանի 2012թ. մայիսի 21-ի որոշմամբ Նշան Սարգսյանի եւ Էդվարդ Շահնազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2012թ. հունիսի 1-ի որոշմամբ նշանակվել է դատաքննության: Դատաքննության ընթացքում մեղադրողը միջնորդել է ամբաստանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, եւ միջնորդեց կարճել քրեական գործի վարույթը պատճառաբանելով, որ խուլիգանության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշման կայացումից հետո վերլուծելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, հանգել է եզրակացության, որ նրանց գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Դատարանն էլ, իր հերթին նկատի ունենալով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ մեղադրողի հայտարարությունը, գտել է, որ ամբաստանյալների նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` հետեւյալ հիմնավորումներով. Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Հետեւաբար` քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ: Ինչի հիմման վրա էլ դատարանը վճռել է Նշան Սարգսյանի եւ Էդվարդ Շահնազարյանին արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով` նրանց արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով եւ գործը կարճել:


























