Սեւծովյան Տնտեսական Համագործակցության անդամ երկրների կառավարությունների վավերացմանն է ներկայացվել համաձայնագիր, որով կարգավորվում են սանիտարական համագործակցության հարցերը: Մասնավորապես` անդամ երկրների պետական սահմաններում վարակված եւ վտանգավոր բեռների նկատմամբ միանման մոտեցումների սահմանումը, կարանտին սահմանելու դեպքում` իրավական դաշտի ներդաշնակեցումը, արտակարգ իրավիճակների ժամանակ` տնտեսական պատնեշների վերացումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել «Սեւծովյան Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին եւ առաջարկել է ՀՀ կառավարությանը` համաձայնություն տալ դրան: հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամներ են 12 պետություններ, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ այլն: