Օգոստոսի լույս 12-ի գիշերը Երեւանի Կոմիտաս, 30 հասցեում 44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործիառնչությամբ Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսված ծառայողական քննությունը ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` քննության արդյունքներով կազմված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։
Նշենք, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տուժածի մտերիմները Ոստիկանությանը մեղադրել էին դեպքի պահին իրենց ահազանգին երկուեւկես ժամ ուշացումով արձագանքելու մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: NEWS.am-ի տեղեկություններով` կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա 44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:


























