1970 թ-ի այս  օրը`օգոստոսի 29-ին, առաջին անգամ էկրան է բարձրացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Մի քանի պատումներից կազմված ֆիլմը նկարահանվել է 1968 թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Ֆիլմի միջոցով փորձ է կատարվել փոխանցել հայ հանճարեղ բանաստեղծ, երգիչ, աշուղ Սայաթ-Նովայի հոգեւոր աշխարհը: Երկխոսություններից զուրկ տեսարաններում  խորհրդանիշների եւ այլաբանության լեզվով ռեժիսորը պատմում է երգչի մանկության, պատանեկության, հասունության, սիրո, մահվան եւ անմահության մասին: Ֆիլմի հեղինակային տարբերակը ցուցադրության է արտոնվել միայն Հայաստանում: Հետագայում Սերգեյ Յուտկեւիչի մոնտաժած տարբերակը ընդունվել է համամիութենական ցուցադրության:

Երիտասարդ Սայաթ-Նովայի, Աննա թագուհու, «ժանյակներով աղջկա», պոետի մուսայի, համբարձման հրեշտակի դերը կատարել է ազգությամբ վրացի նշանավոր դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին: Մանուկ Սայաթ-Նովային կերպավորել է Մելքոն Ալեքսանյանը:

Ֆիլմր նկարահանվել է Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ), որը գտնվում է  Լոռիի մարզի Արդվիգյուղի մոտակայքում:

Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից մեկն է:

Փարաջանովը ծնվել է 1924 թ-ի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ռեժիսորի  թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Նկարել է  «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը» նշանավոր ֆիլմերը:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց եւ հետագայում ամբողջությամբ օգտագործվեց  ՄիքայելՎարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն»(1992)վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից` 1990 թ-ի հուլիսին,Երեւանում: