ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանության կարգախմբերն այսօր եւ առաջիկա ողջ ամսվա ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանրապետության դպրոցների մոտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ երեխաների անվտանգության ապահովման միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին չեն արձանագրվել պատահարներ, դժբախտ դեպքեր, հանցադեպեր:

Ծառայությունն իսկապես անհրաժեշտ է ու պարտադիր, որովհետեւ, ցավոք, պարզվեց` այս տոնականության մեջ էլ կան մարդիկ, որ առաջնորդվում են ոչ թե սրտով ու բանականությամբ, այլ` նախնական բնազդներով:

Հանրապետության բոլոր դպրոցների պես սեպտեմբերմեկի առավոտը տոնական էր նաեւ մայրաքաղաքի Էրեբունի համայնքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 միջնակարգ դպրոցում: Ենթադրվում է, թե տոնը պիտի համակեր նաեւ որդուն առաջին անգամ դասի բերած 29-ամյա Սասուն Սաֆարյանին, բայց ըստ երեւույթին մարդը լրիվ ուրիշ բանի մեջ էր տեսել օրվա խորհուրդը (Սաֆարյանը հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում):

Դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը նույնպես եկել էր տղայի Գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարեւան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, եւ տոնը վերածել հաշվեհարդարի` քաշքշուկ, ի վերջո, դանակահարություն…

Բարեբախտաբար ոստիկանները տեղում էին եւ աչալուրջ: Նրանց հստակ գործողությունների շնորհիվ ոչ միայն կասեցվեցին Սաֆարյանի հետագա գործողությունները, այլեւ հանդիսության մասնակիցները չիմացան էլ ինչ կատարվեց, միջոցառումը չընդհատվեց, տոնը չմթագնվեց…

Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Սասուն Սաֆարյանը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: