Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված 2012-13 թ.թ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն առաջընթաց է արձանագրել միանգամից 10 կետով՝ 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Սա այնքան էլ բարձր տեղ չէ՝ հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն ավելի բարձր տեղեր են զբաղեցնում: Սակայն մի քանի կետերով Հայաստանը ռեկորդային առաջընթաց է արձանագրել: Խոսքը վերաբերում է մրցակցային ոլորտին, որտեղ Հայաստանն ավանդաբար ցածր տեղեր էր զբաղեցնում բոլոր նախորդ զեկույցներում՝ մենաշնորհների առատության ու դրանց անպատժելիության մթնոլորտի պատճառով: Սակայն այս տարվա զեկույցում արձանագրվել է բեկումնային առաջընթաց: Նշենք, որ մրցակցային միջավայրը զեկույցում արտահայտվում է 3 ցուցիչների միջոցով: Առաջին՝ «Շուկայում գերիշխող ուժերի առկայությունը» ցուցիչով (արտահայտում է շուկաներում կենտրոնացվածության աստիճանը՝ մենաշնորհներ, գերիշխող դիրքի առկայություն) Հայաստանը միանգամից 43 կետով առաջընթաց ունի (հանգրվանում ենք 90-րդ տեղում): Սա պատահական չէ՝ հաշվի առնելով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գերիշխող շուկաներում իրականացված մի շարք միջոցառումներն ու բացահայտումները: Մասնավորապես՝ խոշոր տուգանքները կաթնամթերքի, դեղորայքի, դիզելային վառելիքի, կարագի եւ այլ շուկաներում ունեցան ոչ միայն պատժիչ, այլ նաեւ կանխարգելիչ նշանակություն: Նշենք, որ տնտեսական մրցակցության մասին օրենքը Հայաստանում փոփոխության ենթարկվեց 2011 թ. ապրիլին, ու այս գնահատականը դեռ լիարժեք չի արտահայտում դրանից հետո իրականացված մրցակցային քաղաքականությունը: Համեմատության համար նշենք, որ աշխարհի շատ երկրներում այս ցուցանիշի առումով անկում է արձանագրվել: Մասնավորապես՝ ՌԴ-ն հետընթաց է արձանագրել -6 կետով, Վրաստանը -9, Մոլդովան -19: Ադրբեջանը եւ Թուրքիան թեեւ բարելավել են իրենց դիրքերը ՝ համեմատաբար 18 եւ 11 կետերով, սակայն համաձայն զեկույցի՝ այդ երկրներում առաջընթացը տեղի է ունենում անհամեմատ ցածր տեպերով: Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում եւս ետընթաց է արձանագրվել՝ Հունգարիա՝ -29, Սլովակիա՝ -24, Ռումինիա -18, Չեխիա -6 եւ այլն:
Երկրորդ ցուցիչը կոչվում է՝ «հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը»: Սա մրցակցային մարմնի (տվյալ դեպքում՝ ՏՄՊՊՀ-ի) աշխատանքի արդյունավետության գնահատկանն է: Այս առումով մեր երկիրը առաջընթաց է արձանագրել 22 կետով: Տարածաշրջանի մյուս երկրներում՝ Ադրբեջանում եւ Վրաստանում արձանագրվել է հետընթաց: Այս ցուցանիշի առումով 13 կետով հետընթաց է արձանագրվել նաեւ Ռուսաստանում, - 7 կետով Մոլդովայում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում. Ռումինիա՝ -27, Սլովենիա՝ -12 եւ այլն:
Եւ վերջապես՝ մրցակցային ոլորտին վերաբերող երրորդ ցուցիչով («Տեղական մրցակցության ուժգնությունը») Հայաստանը բարելավել է իր դիրքերը 9 կետով, այն դեպքում, երբ Վրաստանում եւ Ադրբեջանում արձանագրվել է ընդամենը 1 եւ 2 կետերով առաջընթաց , իսկ Թուրքիան այս ցուցանիշով 3 կետով հետընթաց է արձանագրել:
Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն իր զեկույցը պատրաստելիս հիմք է ընդունում ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքները: Այսինքն՝ մրցակցային միջավայրի բարելավումը հայաստանյան բիզնես շրջանակների կարծիքների արտացոլումն է, ինչն ավելի է արժեւորում զեկույցի նշանակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ գործարարները միշտ չէ, որ դրական փոփոխությունների մասին բարձրաձայնում են ( ի տարբերություն թերությունների), կարելի է նշել, որ գոնե մրցակցությանը վերաբերող գնահատականներում Հայաստանը դեռեւս չի սպառել առաջընթացի իր պոտենցիալը:
Սամվել Ավագյան



























