ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողներ 20-ամյա Մհեր Հովակիմյանի եւ 19-ամյա Ռոլանդ Մարգարյանի միջեւ սպասք լվանալու ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կողմերը քաշքշել են իրար (կողմերի անուն -ազգանունները փոխված են):
NEWS.am-ը Տաուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը արագացված կարգով քննվել է իրենց մոտ եւ կողմերը արդեն պատասխանատվության են ենթարկվել: Մինչ դատարանի վճռին անցնելը նշենք, որ Արմավիրի մարզի 20-ամյա բնակիչ Մհեր Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող ընդգրկված լինելով ճաշարանի վերակարգում` որպես սպասք լվացող, պարտավոր լինելով հարգալից վերաբերմունք դրսեւորել համածառայողների նկատմամբ, ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն եւ բռնություն, վերակարգի աշխատանքները կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում խախտել է զինծառայողների կանոնագրքային կանոնները:
Վերջինս բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող , ճաշարանի վերակարգում գտնվող Ռոլանդ Մարգարյանի նկատմամբ` ձեռքերով հրելով նրան, այնուհետեւ վերջինիս կողմից թեյնիկի երկաթյա կափարիչով իր դեմքին հարվածելուց հետո նույն պայմաններում կրկին բռնություն գործադրել նրա նկատմամբ` բռնել նրա զինվորական համազգեստից եւ քաշքշել: Իսկ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ռոլանդ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ նույն զորամասի ժամկետային զինծառայող 2012թ. ապրիլի 10-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ընդգրկված լինելով ճաշարանի վերակարգում` որպես սպասք լվացող, պարտավոր լինելով հարգալից վերաբերմունք դրսեւորել համածառայողների նկատմամբ, ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն եւ բռնություն, վերակարգի աշխատանքները կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նույն զորամասի ժամկետային զինծառայող , ճաշարանի վերակարգում ընդգրկված Մհեր Հովակիմյանի կողմից իրեն հրելուց հետո ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` բռնություն է գործադրել Մհեր Հովակիմյանի նկատմամբ` գետնից վերցրել թեյնիկի երկաթյա կափարիչն ու դրանով հարվածել նրա դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Դատական նիստը ամբաստանյալների միջնորդությամբ անցկացվել է արագացված կարգով: Հաշվի է առնվել նաեւ կողմերին բնութագրող դրական բնութագրեր եւ այն, որ ամբաստանյաները հաշտվել են միմյանց հետ: Արդյունքում դատարանը վճռել է Մհեր Հովակիմյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 1 ամիս ժամկետով կալանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Իսկ ամբաստանյալ Ռոլանդ Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 1 ամիս ժամկետով կալանքի: Վերջինս պատիժը կատարելու է կայազորային կարգապահական մեկուսարանում:


























