37-ամյա Սիլվայի ամուսինը իր նկատմամբ բռնություն սկսել է գործադրեց ամուսնության առաջին իսկ գիշերը, իսկ բռնությունները շարունակվել են ամուսնության 17 տարիների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սիլվա Նահապետյանը (անուն ազգանունը փոխված է) եւ ավելացրեց, որ ամուսնացել է երջանկանալու ակնկալիքով, սակայն ճիշտ հակառակ ճակատարգրի է արժանացել:
«Նա ինձ պարտադրում էր ոչ ավանդական սեռական հարաբերություններ ունենալ, ինչին չհամաձայնելու դեպքում պատժում էր տարբեր ձեւերով, օրինակ, մի անգամ փորձեց լուցկու հատիկները մեջքիս հանգցնելով` «սիրո» խոստովանություն գրել: Նա առանց թաքցնելու դավաճանում էր ինձ: Ծեծում էր նույնիսկ այն ժամանակ, երբ հղի էի, ինչի հետեւանքով վաղաժամ ծննդաբերեցի, ու երեխայիս կյանքը չկարողացան փրկել»,- պատմեց Սիլվան:
Նրա խոսքով, ամուսինը թույլ չի տալիս շփվել հարազատների, հարեւանների հետ: Անգամ թույլ չի տվել դուրս գալ տանից, կրթություն ստանալ: «Մի քանի անգամ հեռացել եմ նրանից, սակայն ապարդյուն, քանի որ բնակվում էի նրա հետ նույն` փոքր ավանում: Մի անգամ նույնիսկ դիմեցի ոստիկանություն այն բանից հետո, երբ ինձ դաժանաբար ծեծել էր ու գազի բալոնով հարվածել գլխիս, սակայն հարեւաններին, ծանոթներին լսելով` հետ վերցրի դիմում-բողոքը եւ վերադարձա նրա մոտ»,- ավելացրեց Սիլվան:
Վերջինս այլ ելք չունենալով` դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ ապաստարան տեղափոխվել: Սիլվան ասում է, որ հիմա կարողանում է սթափ նայել իրավիճակին: «Կենտրոնի հոգեբանները, ապաստարանի խաղաղ մթնոլորտը եւ այնտեղ բնակվող իմ բախտակից կանանց հետ շփումը նպաստեցին, որ կյանքի նկատմամբ տրամադրվածությունս փոխեմ: Ես ձերբազատվեցի «զոհի» վիճակից, հասկացա, որ միայն ես չեմ տառապում նման խնդիրներով:Իրավաբանական աջակցությամբ ես կարողացա լուծել բաժանման, գույքը կիսելու, երեխաների խնամքի եւ ալիմենտի հարցերը: Նաեւ սովորեցի ուլունքագործություն, ինչի շնորհիվ սկսեցի գումար աշխատել»,- եզրափակեց Սիլվան:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:


























