«Հայաստանն իր հավանությունը մադրիդյան փաստաթղթին չի տվել և նման հայտարարություն պաշտոնական մակարդակով երբևէ չի արվել: Մենք ասել ենք, որ մադրիդյան փաստաթուղթը բանակցությունների հիմք է հանդիսանում»,- այսօր Երևանում ԵՄ-ն նախագահող երկիր Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան դիտարկման, թե վերջին շրջանում հայտարարություններ են հնչում, որ Հայաստանն իր հավանությունն արդեն իսկ տվել է «մադրիդյան սկզբունքների» մասին փաստաթղթին:
Նա նաեւ հերքեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում քննարկվում է «տարածքներից հայկական զորքերի դուրս բերման ժամկետների հարցը»: Նալբանդյանի ներկայացմամբ, Մոսկվայի հանդիպմանն այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել: «Այն հայտարարությունը, թե իբր քննարկվել է ժամանակացույցը ինչ–որ տարածաշրջաններ վերադարձնելու, ես ձեզ կարող եմ ասել, որ Մոսկվայի հանդիպմանը այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը հղում անելով ՌԴ ԱԳՆ իր աղբյուրին, այսօր գրել է, որ Հայաստանի Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում «առանցքային հարցը եղել է հակամարտության շրջանի բնակչության ինքնորոշման հարցով քվեարկության ընթացակարգը եւ նրա համար առաջարկվող միջանկյալ կարգվիճակի էությունը»: Այս տեղեկատվության արտահոսքը միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ դրա էությունը համապատասխանում է Իտալիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների նախագահների կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների դրոյթներին:




























