Բաքուն հայերի երեք ջարդերի մայրաքաղաք է՝ 1905թ., 1918թ. եւ 1990թ.։ Այս մասին Բաքվի ջարդերի 20-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, կոտորածների վերջին փուլը Բաքուն բացառապես ադրբեջանցիների մայրաքաղաք դարձնելու նպատակն է հետապնդել։ Այդ է պատճառը, որ 90-ականներին կոտորել են ոչ միայն հայերի, այլ նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչների։ «Բաքուն, անհանդուրժողականության առումով, աշխարհի չեմպիոն դարձավ։ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են պատերազմով ահաբեկել իրենց ժողովրդին»,- հայտարարել է Դեմոյանը։

Ազգայնականության հողի վրա բազմաթիվ ջարդեր են տեղի ունեցել ոչ միայն Բաքվում, այլ նաեւ ադրբեջանական տարբեր քաղաքներում, ինչպես օրինակ՝ Սումգայիթում։ Նրա խոսքով, Սումգայիթում հայերին ջարդերի են ենթարկել 1956թ. եւ 1988թ.։ «Էթնիկ զտումների արդյունքում Ադրբեջանը դարձել է միազգ պետություն, ուր ազգային փոքրամասնությունները տեղ չունեն»,- հայտարարել է Դեմոյանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ ընթացիկ տարում կլրանա Ջուղայի գերեզմանատան ավերման հնգամյակը, մինչդեռ այս գազանությունը միջազգային հանրության կողմից արժանի գնահատականի դեռեւս չի արժանացել։