Եղեգնաձորում 50-ամյա բնակիչ Յ.Բ.-ն բետոնի կտորով, հետո փայտե մահակով, մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին եւ դիտավորությամբ սպանել նրան: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Յ.Բ.-ն 2012 թվականի հուլիսի 3-ին, ժամը 09-ի սահմաններում ոգելից խմիչքներ գործածած վիճակում, Աղավնաձոր գյուղում իրենց առանձնատանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Ա. Բ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Յ. Բ.-ն Ա. Բ.-ին սպանելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ իրենց տան բակում Յ. Բ.-ը շարունակել է ծեծի ենթարկել կնոջը, որի ընթացքում բետոնի կտորով, հետո փայտե մահակով, մի քանի անգամ հարվածել է նրա գլխին եւ դիտավորությամբ կնոջը զրկել է կյանքից:

Քրեական գործ է հարուցվել 104-րդ   հոդվածի 1-ին մասով: Իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: