«Հրապարակը» գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, կորցնելով իրեն ժողովրդական համարում բերած պատգամավորներին՝ Անահիտ Բախշյանին, Ստեփան Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, նոր երջանկություն գտավ «Ազատ դեմոկրատների» գրկում:

Այս զույգի համատեղ խորհրդարանական կյանքն առաջին իսկ օրվանից հարթ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Քոքոբելյանի՝ մանդատները միասին վայր դնելու պայմանավորվածությունը, որի իրագործումից հետո իբր հնարավոր կլիներ նոր ուժեր բերել խորհրդարան, չփրկեց քաղաքական այս անհաջող եւ, որոշ կարծիքների համաձայն, պարտադրված ալյանսը:

Իրականում, «երիտասարդ ուժեր ներգրավելը» պատրվակ էր, եւ այս պայմանավորվածությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու «նապաստակ» էր սպանելու. ազատելու էր ձեռքերը նախագահական ընտրություններին մասնակցելու համար եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանին հեռացնելու էր խորհրդարանական խմբակցությունից՝ միանգամայն տարբեր կուսակցությունների միջեւ փխրուն հավասարակշռությունը վերականգնելով:

Բայց Րաֆֆու հաշվարկը սխալ էր: Քոքոբելյանը, ի տարբերություն «Ժառանգության» առաջնորդի, պրագմատիկ գործիչ է եւ մանդատից հրաժարվելու «կպչուն» մտքեր չի ունենում: Նա ուղղակի չկատարեց խոստումն ու գնաց արտասահման: «Ազատ դեմոկրատները» ժխտում են  պայմանավորվածության փաստը՝ պատճառաբանելով, որ ցանկացած որոշում կայացվում է կոլեգիալ քննարկման արդյունքում, իսկ այս հարցով որեւէ քննարկում չի եղել:

Վերջնական խոսքը, սակայն, Քոքոբելյանինն է լինելու: Այսօր նա պետք է վերադառնա արտասահմանից եւ հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հանդիպում, որից ակնկալվում է «Ազատ դեմոկրատներ» - «Ժառանգություն» դաշինքի հետագա ճակատագիրը, սակայն պարզվեց՝ վերադարձն ուշանում է:

Երեկ ամենատարբեր սցենարներ էին շրջում թեմայի շուրջ: Ըստ մեկի, «Ժառանգությունը» Խաչատուր Քոքոբելյանին վտարելու է խմբակցությունից, եթե նա Րաֆֆու հետ համաձայնության չգա: «Խաչիկ Քոքոբելյանը պետք է վերադառնա եւ որոշ պարզաբանումներ պետք է տա, հետո նոր կխոսենք»,- պատասխանեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա պատասխաններից կարելի է ենթադրել, որ ժառանգականներն այնուամենայնիվ «սանկցիաներ» են կիրառելու: