Երեւանի Թեւոսյան եւ Բագրեւանդի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 18-ին, ժամը 23.59-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ արձագանքման խմբերը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 86 ՕՕ 008 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը։ Պատահարի հետեւանքով վարորդ` 33-ամյա Արամայիս Բլբուլյանն արգելափակվել է ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների ժամանումը` ուղեւոր, 29-ամյա Ստելլա Մալխասյանը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Բլբուլյանին եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:



























