Աբովյանի գործարար, «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով օրերս ձերբակալվել են Վահան եւ Վարդան Գրիգորյանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս գործով եւս մեկ մեղադրյալ կա: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Ռոստոմի Քարհանյանին հոկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդ. 2-րդ մասի 14-րդ կետով, նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մերի Սարգսյանը նշեց, որ քրեական գործով հարցաքննվել են մոտ երկու տասնյակ վկաներ, կատարվել տեսանկարահանման սարքի առգրավում, որոշում է կայացվել դատակենսաբանական, դատատեսաձայնագրառման փորձաքննություններ նշանակելու մասին: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար ուղարկվել են համապատասխան հանձնարարություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Մեր տեղեկություններով` Վահան եւ Վարդան Գրիգորյանները եղբայրներ են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ժամը 00-ի սահմաններում «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Արարատի Խաչատրյանը, որտեղ նրան ուղեկցողները հայտնել են, որ նույն օրը Մ. Խաչատրյանը համալիրում վայր է ընկել: Վիճակի ծանրությունից ելնելով, վերջինիս տեղափոխել են «Սուրբ Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա սեպտեմբերի 27-ին մահացել է:
Քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Խաչատրյանը վայր է ընկել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռոստոմի Քարհանյանի հրելու հետեւանքով եւ որոշում է կայացվել նյութերն ըստ ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկել, որտեղ քր. օր-ի 112 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հարուցվել է քրեական գործ եւ սկսվել նախաքննություն:



























